Դեպի Լարս գնացող հայկական բեռնատարների հերթը մինչև շաբաթվա վերջ կկրճատվի. կցորդ

Արխիվային լուսանկար
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը ներկայացրել է Վերին Լարսի անցակետում տիրող իրավիճակը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. Վերին Լարսով անցնելու համար Վրաստանի տարածքում սպասող հայկական բեռնատարների հերթերը մինչև շաբաթվա վերջ կարող են կրճատվել կամ ամբողջությամբ վերանալ։
Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Ռուսաստանում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վերին Լարսի վրացական կողմում տեխնիկական խնդիրների պատճառով հայկական բեռնատարներ հերթ է գոյացել։
Մասնավորապես, մարտի 13-ից մայիսի 23-ը 11 երթևեկելի գոտուց 6–ն է գործում բեռնատարների համար։ Բացի այդ, 4 ռենտգեն սարքերից 2–ը խափանված էր։
«Երեկ 4 ռենտգեն սարքերի աշխատանքը վերականգնվել է։ Վրաստանից Ռուսաստան մտնող 400 բեռնատարներից 200-ը հայկական են եղել»,- ասաց նա։
Նրա խոսքով, եթե այսպես շարունակվի, մինչև շաբաթվա վերջ Վրաստանում կուտակումները կվերանան:
Հիշեցնենք՝ Ռազմավիրական ճանապարհը միակ ցամաքային ուղին է, որը Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ։ Այն պարբերաբար փակվում է վատ եղանակի պատճառով։