ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. ՉԺՀ–ի իշխանությունները շուրջ 11 հազար մարդ են տարհանել երկրի հարավ–արևմուտքից, որտեղ երկրաշարժ էր տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ–ը` հղում անելով «Սինցզինբաո» թերթին։
Նախօրեին Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը հայտնել էր, որ Չինաստանում` Բաոշան քաղաքից 35 կմ դեպի հյուսիս–արևելք, 5.3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Քաղաքի բնակչությունը մոտ 935 հազար է։ Երկրաշարժի օջախը գտնվել է 40 կմ խորության վրա։
Աղետների կանխման և դրանց հետևանքների վերացման շտաբի տվյալներով` փրկարարական աշխատանքներում 2.4 հազար մարդ է ներգրավվել։ Նախնական հաշվարկներով` երկրաշարժի հետևանքով շուրջ 2.8 հազար շենք է վնասվել։
Իրավասու մարմինները շտապ միջոցներ են ձեռնարկել 38 հազար մարդու անվտանգությունն ապահովելու համար։ Նրանց համար 34 ժամանակավոր կացարան է ստեղծվել։
Նախնական տվյալներով` երկրաշարժի հետևանքով զոհեր չեն եղել։ Երեք մարդ թեթև վնասվածք է ստացել, նրանց մոտակա հիվանդանոց են տեղափոխել։