Անահիտ Մանասյանն այցելել է Գեղարքունիքի մարզի սահմանամերձ բնակավայրեր

Անահիտ Մանասյանն այցելել է Գեղարքունիքի մարզի սահմանամերձ բնակավայրեր
Կատարված այցի արդյունքում հավաքագրված տվյալները վկայում են, որ ադրբեջանական զինծառայողները շարունակում են դրսևորել ագրեսիվ վարքագիծ, սպառնալիքներ ներկայացնում գյուղացիներին զենքի ցուցադրմամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը աշխատանքային այց է կատարել Գեղարքունիքի մարզի սահմանամերձ բնակավայրեր` տեղում մարդու իրավունքների խախտումները հաստատող փաստեր և ապացույցներ հավաքագրելու, քաղաքացիական բնակչությանը մտահոգող խնդիրներին ծանոթանալու համար։ Տեղեկությունը հայտնում է ՄԻՊ գրասենյակը։
«Կատարված այցի արդյունքում հավաքագրված տվյալները վկայում են, որ ադրբեջանական զինծառայողները շարունակում են դրսևորել ագրեսիվ վարքագիծ, սպառնալիքներ ներկայացնում գյուղացիներին զենքի ցուցադրմամբ, հաճախակի կրակոցներ են արձակում բնակավայրերի անմիջական հարևանությամբ։ Խիստ մտահոգիչ է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների տների ու քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորված լինելու հանգամանքը»,–նշված է հաղորդագրության մեջ։
Անահիտ Մանասյանն այցելել է Գեղարքունիքի մարզի սահմանամերձ բնակավայրեր
Մարդու իրավունքների պաշտպանն այցելել է Գավառ, Վարդենիս խոշորացված համայնք, Վերին Շորժա, Սարատեղի, Կութ, Նորաբակ, Սոթք և Կուտական, զրուցել բնակիչների հետ։
Նրանք մտահոգություններ են հայտնել իրենց կյանքի և անվտանգության, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության, սեփականության, կրթության և այլ հիմնական իրավունքների հետ կապված։ Բնակիչները բարձրացրել են արոտավայրերի, խոտհարքների և վարելահողերի օգտագործման հետ կապված խնդիրներ։ Բացի այդ, նրանք նշել են, որ ստեղծված պայմաններում դժվարացել է անասնապահությամբ զբաղվելու և իրենց ընտանիքներին կենսական միջոցներով ապահովելու հնարավորությունը։
1 / 3

Անահիտ Մանասյանն այցելել է Գեղարքունիքի մարզի սահմանամերձ բնակավայրեր

2 / 3

Անահիտ Մանասյանն այցելել է Գեղարքունիքի մարզի սահմանամերձ բնակավայրեր

3 / 3

Անահիտ Մանասյանն այցելել է Գեղարքունիքի մարզի սահմանամերձ բնակավայրեր

Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծել է, որ ադրբեջանական զինծառայողների կողմից ուժի կիրառումը և ուժի կիրառման սպառնալիքն ունեն նաև սահմանային բնակավայրերի բնակիչներին ահաբեկելու նպատակ։
Ինչպես վերը նշված, այնպես էլ հավաքագրված մյուս փաստերն ամփոփվելու են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում։ Դրանք կներկայացվեն իրավասու միջազգային կազմակերպություններին և այլ դերակատարներին, ինչպես նաև պետական իրավասու գերատեսչություններին։
Ավելի վաղ՝ ապրիլի 14-ին, Անահիտ Մանասյանն աշխատանքային այց էր կատարել Սյունիքի մարզի Տեղ համայնք: