ՌԴ հաշվիչ պալատի նախագահն ընտանիքի հետ Ծիծեռնակաբերդ է այցելել

ՀՑԹԻ տնօրենը ռուս հյուրերին է ներկայացրել Հայոց ցեղասպանության և արցախյան գոյամարտի միջև եղած կապը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. ՌԴ հաշվիչ պալատի նախագահ Գալինա Իզոտովան այսօր ընտանիքի անդամների հետ այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Տեղեկությունը հայտնում է Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի մամուլի բաժինը։
ՌԴ հաշվիչ պալատի նախագահ Գալինա Իզոտովան ընտանիքի անդամների հետ` Հայոց ցեղասպանության հուշահամալիրում
Հյուրերին դիմավորել և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրել է տնօրեն Հարություն Մարությանը:
«Նա անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև»,– նշված է հաղորդագրության մեջ։
ՌԴ-ից ժամանած հյուրերը ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Գալինա Իզոտովան նաև գրառում է կատարել պատվավոր հյուրերի հուշամատյանում:
ՌԴ հաշվիչ պալատի նախագահ Գալինա Իզոտովան Ցեղասպանության թանգարանում
ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը նաև ՌԴ հաշվիչ պալատի նախագահին է նվիրել Հայոց ցեղասպանության մասին գրքեր և Մարաշի ասեղնագործությամբ զարդարված դրամապանակ:
Այցի ավարտին Հիշողության պուրակում տիկին Իզոտովան ջրել է ՌԴ հաշվիչ պալատի նախորդ նախագահ Ալեքսեյ Կուդրինի` 2022 թ–ին տնկած արծաթափայլ եղևնին:
Գալինա Իզոտովան ջրել է Ալեքսեյ Կուդրինի տնկած արծաթափայլ եղևնին