Նորիկյանը կացարանի հրդեհի դեպքով ՔԿ–ից պահանջում է դատաբժշկական լրացուցիչ փորձաքննություն

Փաստաբանն այս պահին սպասում է համալիր փորձաքննությունների պատասխաններին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների ծնողների ներկայացուցիչ Նորայր Նորիկյանը միջնորդություն է ներկայացրել Քննչական կոմիտե` դատաբժշկական լրացուցիչ փորձաքննություն նշանակելու համար։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց փաստաբանը։
«Այս պահին ստացված պատասխանները որոշակի հակասություններ են առաջացնում։ Դրանք ճշտելու համար դիմել ենք նախաքննական մարմնին։ Հարցեր ենք ուղղել Քննչական կոմիտեին»,- ասաց Նորայր Նորիկյանը։
Թե ինչ հարցերի մասին է խոսքը, նա ասաց, որ դեռ չի բարձրաձայնում։
Փաստաբանը հավելեց նաև, որ այս պահին սպասում է համալիր փորձաքննությունների պատասխաններին։ Ստանալուց հետո կորոշի կրկնակի փորձաքննություն պահանջելու հարցը։
Հիշեցնենք` հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ էր բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետևանքով զոհվել էին 15, վնասվածքներ ստացել` 7 զինծառայող։
Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել էին 2-րդ բանակային կորպուսի հրամանատարն ու այլ բարձրաստիճան զինվորականներ։
Քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ)։ Քրեական վարույթ է նախաձեռնվել նաև պաշտոնատար անձանց կողմից հրդեհային անվտանգության սահմանված կանոնները չպահպանելու, դրա հետ կապված գործառույթները կատարելու հարցում առերևույթ անփութություն դրսևորելու փաստի առթիվ։
Այս գործով կալանավորվել է ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գոռ Աղեկյանը։
Եղիշե Հակոբյանից բացի քրգործ է հարուցվել նաև զորամասի ինժեներասակրավորային վաշտի հրամանատար Գ.Մ.-ի նկատմամբ։