ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հանդիպել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ տնօրեն Ալեքսեյ Մելնիկովի հետ, քննարկել ոլորտային օրենսդրության լավարկման անհրաժեշտությունը և ընկերության աշխատակիցների՝ Արդարադատության ակադեմիայում վերապատրաստման կարևորությունը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արդարադատության նախարարության մամուլի ծառայությունը։
«Ալեքսեյ Մելնիկովը շնորհակալություն է հայտնել «Հարավկովկասյան երկաթուղու» աշխատակազմի՝ Արդարադատության ակադեմիայում անցկացված իրավաբանական ոլորտային վերապատրաստումների համար՝ ընդգծելով դրանց արդյունավետությունը: Միաժամանակ, քննարկման առարկա են դարձել երկաթուղու գործունեության շրջանակում առկա խնդիրները, ինչպես նաև դիտարկվել են դրանց կարգավորմանն ուղղված իրավական հնարավոր լուծումները»,– ասված է հաղորդագրությունում։
Մինասյանը պատրաստակամություն է հայտնել աջակցելու ոլորտային խնդիրների լուծման նախաձեռնությանը՝ առաջարկելով օրենսդրական անհրաժեշտ փոփոխությունների իրականացման գործընթաց:
ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը Արդարադատության ակադեմիայում
Կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ սկիզբ առնող համագործակցության շրջանակում ցանկալի արդյունքներ գրանցելու ուղղությամբ: