ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. Ինչո՞ւ են Երևան–Սևան ավտոմայրուղու հարակից բլուրներն ու սարերը, բառիս բուն իմաստով, անհետանում։ Այսօր Ազգային ժողովում «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նախագծի քննարկման ժամանակ շրջակա միջավայրի փոխնախարար Հակոբ Սիմիդյանին հարց ուղղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։
Նրա կարծիքով` Երևանի փոշոտվածության գլխավոր պատճառներից մեկն էլ հենց այն է, ինչ կատարվում է Երևան–Սևան ճանապարհի հարակից տարածքներում։
«Երևան մտնող քամու հիմնական ուղղությունը հյուսիսայինն է, և այդ ավազի բաց հանքերից քամին ավազը բերում և Երևանի վրա է թափում։ Կառավարությանը սա չի՞ անհանգստացնում, թե՞ նորմալ է բերել ու սարերը վերացնել։ Վաղը-մյուս օրը տեխնիկան թույլ տա՝ կարելի է Արագածն էլ վերացնել»,– նշեց Նազարյանը։
Շրջակա միջավայրի փոխնախարար Հակոբ Սիմիդյանի խոսքով՝ կառավարությունը հարցով մտահոգված է։ Վստահեցնում է՝ զուտ գործառութային առումով այն, ինչ շրջակա միջավայրի նախարարության դաշտում է, արվում է։ Նշեց` օրենքի փոփոխությունները հենց այդ նպատակով են նախաձեռնված, որ առավել լայն գործելու հնարավորություն տան։
Նոր մշակված օրենքը ենթադրում է նաև հողօգտագործման ռեկուլտիվացիայի փուլը, այսինքն` աշխատանքներ, որոնք ուղղված են խախտված տարածքների վերականգնմանն ու հողային տարածքների՝ անվնաս վիճակի բերմանը։