ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. Հայաստանում ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված բռնի գործողությունները, ՀՀ ինքնիշխանությունը լրիվ կամ մասնակի սահմանափակելուն ուղղված գործողություններ կատարելը կպատժվի ազատազրկմամբ՝ մինչև 15 տարի ժամկետով։ Օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ներկայացվեց Ազգային ժողովի նիստում։
Հայաստանի քրեական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը ներկայացրեց արդարադատության փոխնախարար Լևոն Բալյանը։ Նրա խոսքով՝ գործող օրենսգիրքը քրեական պատասխանատվություն է սահմանում միայն սահմանադրական կարգը տապալելու և բռնության դրդելու համար։
«Այսինքն՝ գործող քրեական օրենսգրքով քրեական պատասխանատվություն է նախատեսված սահմանադրական կարգը տապալելու, ինքնիշխանությունը բռնի տապալելու, ինչպես նաև դրան ուղղված կոչերի համար»,–ասաց նա։
Բալյանը նշեց, որ գործող քրեական օրենսգրքով` ինքնիշխանությունից բռնի հրաժարվելուն կամ հրապարակային կոչերի համար քրեական պատասխանատվություն նախատեսված չէ, մինչդեռ ինքնիշխանությունը պետության` որպես սուբյեկտի, հիմնական հատկությունն է։
Բալյանի խոսքով` եթե օրինագիծն ընդունվի, ապա քրեորեն պատժելի կլինեն Հայաստանում ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված բռնի գործողությունները, ՀՀ ինքնիշխանությունը լրիվ կամ մասնակի սահմանափակելուն ուղղված գործողությունները։
Արարքների համար պատիժը կլինի 10-15 տարի, հրապարակային կոչերի համար՝ վարչակական տուգանքից մինչև 3 տարի ազատազրկում։
Եթե կոչեր արվեն հրապարակայնորեն, լրատվամիջոցներով կամ տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ, ապա պատիժը կարող է լինել 2-5 տարի։
Բալյանն ընդգծեց, որ խոսքը միայն բռնություն պարունակող գործողությունների կամ բռնի գործողությունների կոչերի մասին է։
Օրինակ`հրապարակայնորեն հնչեցրած կարծիքը, որ պետք է հրաժարվել ինքնիշխանությունից, քանի որ դա մեզ պետք չէ, և միանալ X երկրին, քրեորեն պատժելի արարք չէ, բայց եթե կոչ է արվում շրջապատել պետական կառույցներից մեկը, պատանդ վերցնել քաղծառայողներին և ստիպել նրանց ինքնիշխանությունից լրիվ կամ մասնակի հրաժարվելուն ուղղված գործողություններ անել, դա կդիտվի որպես քրեական հանցագործություն։
ՀՀ կառավարությունը համապատասխան նախագիծը հաստատել է 2022 թվականի դեկտեմբերի 29-ին։