Ե՛վ Մոսկվայում, և՛ Վաշինգտոնում Արցախի մասով բանակցությունները գրեթե նույնն են. Եղոյան

Եղոյանն այս հայտարարությունն արեց` անդրադառնալով ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանի արած այն հայտարարությանը, թե ժողովրդի թիկունքում ստվերային, գաղտագողի տարբեր գործընթացներ են տեղի ունենում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. Անկյունաքարային հարցերի շուրջ թե՛ Մոսկվայում, թե՛ Վաշինգտոնում Արցախի հարցի վերաբերյալ տեղի ունեցող բանակցությունների բովանդակությունն նույնն է: Այս մասին ԱԺ նիստի ժամանակ հայտարարեց ՔՊ–ական պատգամավոր Արման Եղոյանը` անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի արած այն հայտարարությանը, թե ժողովրդի թիկունքում ստվերային, գաղտագողի տարբեր գործընթացներ են տեղի ունենում։
«Պարո՛ն Մանուկյան, Դուք ասում եք, որ Վաշինգտոնում ամբողջ աշխարհի աչքի առաջ գաղտագողի բանակցություններ են տեղի ունենում Հայաստանի ու Ադրբեջանի միջև։ Ես մի հարց ունեմ, խնդրում եմ շատ անկեղծ պատասխանել. եթե այս բանակցությունները տեղի ունենային Մոսկվայում նույն ձևով, նույն քանակի լրատվությամբ, նույն տեքստով մամուլի հաղորդագրությամբ, նույն բովանդակությամբ, Դուք նույն հարցը կբարձրացնեի՞ք։ Անկյունաքարային հարցերի շուրջ թե՛ Մոսկվայում, թե՛ Վաշինգտոնում Արցախի հարցի վերաբերյալ տեղի ունեցող բանակցությունների բովանդակությունը նույնն է»,– ասաց Եղոյանը։
Ընդդիմադիր պատգամավորը բացատրեց, թե ինչ նկատի ուներ` ասելով, որ գաղտագողի գործընթացներ են տեղի ունենում։
«Գաղտագողի, նշանակում է այն, որ բանակցությունների հանդիպումից հետո ԱՄՆ պետդեպարտապենտն ասում է, որ 2 երկրի էթնիկ փոքրամասնությունների իրավունքի հարցն է եղել, գաղտագողին նաև այն է, որ Արցախի Հանրապետության արցախահյությունն Ադրբեջանում էթնիկ փոքրամասնություն է համարվում։ Գաղտագողին այն է, որ Նիկոլ Փաշինյան–Արայիկ Հարությունյան դավաճանական տանդեմով ադրբեջանական մաքսակետի տեղադրումն իրականացրին ու արցախահայությանն այդ մաքսակետով տանել–բերելով ու աշխարհին էլ ասելով, թե սահմանները կարող ենք նորմալացնել»,– շեշտեց Գեղամ Մանուկյանը։
ԱՄՆ–ն հավատում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղությունը հնարավոր է. Պատել
Ավելի վաղ «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանը հայտարարել էր, որ հայ ժողովրդի թիկունքում ստվերային, գաղտագողի տեղի են ունենում գործընթացներ, տարբեր ձևաչափով հանդիպումներ, որոնք վտանգում են ՀՀ և Արցախի Հանրապետության անվտանգությունը, հարվածի տակ են դնում հայ ժողովրդին, պետականությունը և ազգային անվտանգությունը։
Հիշեցնենք, որ մայիսի 1-ին ԱՄՆ Արլինգտոն քաղաքում՝ Ջորջ Պ. Շուլցի անվան արտաքին գործերի ազգային ուսումնական կենտրոնում ընթացել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի երկկողմ հանդիպումը։ Նույն օրը Վաշինգտոնում էլ տեղի է ունեցել եռակողմ` հանդիպում Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։