ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի – Sputnik. Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի զինվորական կացարանում 3 ամիս առաջ տեղի ունեցած ողբերգական դեպքի գործով մեղադրյալ կապիտան Եղիշե Հակոբյանը հարցաքննվել է երկրորդ անգամ՝ ապրիլի 27-ին: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց նրա փաստաբան Հովսեփ Սարգսյանը:
«Այս անգամ էլ Եղիշե Հակոբյանն էական բաներ է ասել, որոնք հակադրվում են գործի մյուս տվյալների հետ: Նախաքննական գաղտնիքից ելնելով շատ բաներ չեմ կարող բացահայտել, բայց Հակոբյանը վերահաստատել է, որ կացարանից դուրս գալու համար տղաներն ունեցել են 15-20 րոպե ժամանակ՝ մինչև կրակը նախասրահից կհասներ ննջարան, սակայն որևէ շարժ անգամ ննջարանից չի եղել, այսինքն՝ ինչ-որ բան խանգարել է իրենց: Ամենակարևոր հանգամանքը մինչև հիմա պարզված չէ՝ հրդեհից անմիջապես առաջ և հետո ինչ վիճակում են եղել զինվորները»,- ասաց Սարգսյանը:
Նա հայտնեց, որ հարցաքննությունը կշարունակվի մայիսի 3-ին։
Նշենք, որ ըստ ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրության` կապիտան Եղիշե Հակոբյանը Ազատ գյուղի կացարան 5 լիտրանոց տարայով ավտոբենզին է բերել` այն որպես կպչան օգտագործելու համար, բենզինը լցրել վառարանի մեջ, որն էլ 15 զինծառայողի կյանք խլած հրդեհի պատճառ է դարձել։
Կապիտանը երկու ամսով կալանավորվել է մարտ ամսին։