ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի – Sputnik. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը համոզված է, որ բոլոր խնդիրները հնարավոր է լուծել միասնական, անդուլ ու նվիրված աշխատանքի արդյունքում: Նա այդ մասին գրել է Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա կապակցությամբ հղած իր շնորհավորական ուղերձում, որը հրապարակվել է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում։
«Վերջին տարիներին մեր պետականությունն առերեսվեց ծանր փորձությունների և մարտահրավերների հետ՝ պատերազմ, կորոնավիրուսի համաճարակ, հասարակական-քաղաքական կյանքում կտրուկ զարգացումներ, որոնք հերթական անգամ ապացուցեին, որ բոլոր խնդիրները հնարավոր է լուծել միասնական, անդուլ ու նվիրված աշխատանքի արդյունքում»,– նշել է նա։
ՀՀ նախագահի խոսքով` աշխատանքը, ինչպես անհատի ու քաղաքացու, այնպես էլ պետության բարեկեցության ու զարգացման առաջնային գրավականն է:
«Հաջողակ են այն պետություններն ու հասարակությունները, որոնք կարողացել են հասնել այնպիսի ներդաշնակության, երբ աշխատանքային իրավունք ունեցող ցանկացած քաղաքացի ունի արժանապատիվ աշխատելու, արարելու և ստեղծելու հնարավորություն»,– ավելացրել է Խաչատուրյանը:
«Մեր ժողովուրդը դարեր ի վեր ապացուցել է, որ կարող է աշխարհի համար ներկայանալի ու ճանաչելի դառնալ իր աշխատանքով ու ստեղծագործ մտքով և մեր անկախ պետականությունն էլ յուրովի աշխատանքի արդյունք է: Այսօր մեր երկրի զարգացման օրակարգը ձևավորվում է Հայաստանի քաղաքացիներիս համատեղ, միասնական աշխատանքով և այդ աշխատանքի արդյունքում էլ մենք կկառուցենք մեր երազանքի հայրենիքը՝ նորարարական, զարգացած, ժողովրդավար ու ապագային նայող Հայաստանի Հանրապետություն»,– եզրափակել է նա և բոլորին շնորհավորել Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա կապակցությամբ։
Հիշեցնենք, որ Աշխատավորների միջազգային օրը նշվում է մայիսի 1-ին: Պատմության մեջ մայիսի մեկը մտել է 1884 թվականին, երբ ԱՄՆ-ում և Կանադայում կազմակերպվեցին ցույցեր` ի պաշտպանություն ութժամյա աշխատանքային օրվա: