ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. Հայկական անձնագիրը բռնցքամարտիկ Մուրատ Գասիևի առաջ նոր հնարավորություններ կբացի։ Նա այդ մասին ասել է «Ուշատայկա» յութուբյան ալիքին։
«Ես դեռ Ռուսաստանի քաղաքացիություն ունեմ։ Ե՛վ ռուսական անձնագիր, և՛ հայկական։ Շատ շնորհակալ եմ մեր հայ եղբայրներին ընդառաջ գնալու և օգնելու համար: Դա ինձ նոր հնարավորություններ կտա կարիերայում։ Կօգնի բարձրանալ վարկանիշային աղյուսակում: Գաղտնիք չէ, որ այսօր ռուսաստանցի բռնցքամարտիկների համար դժվար է։ Օրինակ՝ վերջին մենամարտից առաջ WBA-ն իմ մենամարտի համար արտոնագիր չտվեց, ինչի պատճառով ես ստիպված էի սոսնձել դրոշները։Տարբեր բաներ եղան։ Ես բռնցքամարտիկ եմ, ես մարզիկ եմ, ուզում եմ մենամարտել, հաղթել, իսկ հետո այն, ինչ կա ռինգից դուրս, իմ մեղքը չէ», - ասել է Գասիևը։
Հիշեցնենք` ռուսաստանցի բռնցքամարտիկ Մուրատ Գասիևը, որը վերջերս է Հայաստանի քաղաքացիություն ստացել, հանդես է գալիս առաջին ծանր քաշային կարգում: Նա անցկացրել է 31 պրոֆեսիոնալ մենամարտ (30 հաղթանակ, 1 ոչ-ոքի): Վերջին մենամարտում, որը տեղի է ունեցել այս տարվա մարտին Երևանում, Գասիևը հաղթել է ամերիկացի Մայքլ Բալոգունին: