Ռուսաստանին Լեհաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ պետք չեն. Մեդվեդև

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Լեհաստանը Ռուսաստանի համար չպետք է գոյություն ունենա, քանի դեռ այնտեղ իշխում է ռուսատյացությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի –Sputnik. Լեհաստանը չպետք է գոյություն ունենա ՌԴ-ի համար, քանի դեռ այնտեղ ռուսատյացներից բացի իշխանությունում մարդ չկա, իսկ Ուկրաինան լի է լեհ վարձկաններով։ Twitter-ի իր անգլալեզու էջում այս մասին գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը:
«Լեհաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ պահպանելու իմաստ չեմ տեսնում։ Այս պետությունը չպետք է գոյություն ունենա մեզ համար, քանի դեռ իշխանության մեջ ռուսատյացներից բացի ոչ ոք չկա, իսկ Ուկրաինան լի է լեհ վարձկաններով, որոնք պետք է անխնա ոչնչացվեն, ինչպես գարշահոտ առնետները», - գրել է Մեդվեդևն անգլերենով։
Ռուս քաղաքական գործիչը նաև հրապարակել է նույն տեքստի լեհերեն տարբերակը։
Հիշեցնենք` այսօր առավոտյան Վարշավայի քաղաքապետարանի ներկայացուցիչները ոստիկանության ուղեկցությամբ կոտրել են դպրոցի դարպասն ու շենք ներխուժել։
Դպրոցի աշխատակիցներին մինչև ժամը 19:00-ը ժամանակ է տրվել տարածքը լքելու համար:
Դրանից հետո ՌԴ ԱԳՆ–ն հայտարարեց, որ Մոսկվան կոշտ պատասխան կտա տեղի ունեցածին։
ԱԳՆ-ից ընդգծել են, որ լեհական իշխանության հերթական թշնամական գործողությունները Մոսկվան դիտարկում է որպես դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի 1961 թվականի կոնվենցիայի աղաղակող խախտում և Լեհաստանում ռուսական դիվանագիտական անշարժ գույքի նկատմամբ հերթական ոտնձգություն: