ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. Գյումրու Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցում ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված գյումրեցի Պավել Մանուկյանի (Պաշ) քույրը։
Էմմին
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Նրան անվանակոչել են Էմմի` ի պատիվ Պաշի զոհվելուց մեկ ամիս հետո մահացած տատիկի։
19–ամյա Պավել Մանուկյանը պատերազմում զոհվել է, երբ մեկ տարի երկու ամսվա ժամկետային զինծառայող էր:
«Մեծ աղջկաս է նման, բայց աչքերի մասը` Պաշիս»: Մեր սփոփանքն է ինքը, կյանքին իմաստ տվողը, որ շարունակենք ապրել: Տունն արդեն ուրախությամբ կլցվի»,-Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց տիկին Հասմիկը:
49 ամյա Հասմիկ Մանուկյանն Էմմիից բացի ևս 2 դուստր ունի (27 և 29 տարեկան) և 4 թոռնիկ։ 22 տարի անց կրկին մայրանալու որոշումը դժվար է տրվել, բայց իր ու ամուսնու համար դա Պաշից հետո նորից ապրելու միակ տարբերակն էր:
Գյումրու Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի փոխտնօրեն, բժշկուհի Լիլիթ Հովհաննիսյանը Sputnik Արմենիային պատմեց, որ Հասմիկի հղիությունը բարդ ընթացք է ունեցել, սակայն ամեն ինչ բարեհաջող է ավարտվել ու փոքրիկը ծնվել է առողջ ու հասուն՝ 2 կգ 770 գ քաշով:
«Մեծ հերոսություն է այդ տարիքում հղիանալը. մեծ կամքի ուժ պետք է մարդն ունենա նման քայլի համար, որ հաղթահարի այդ սթրեսն ու հղիությունը մինչև վերջ տանի»,–ասաց բժշկուհին:
Նա նշեց, որ երեխան ծնվել է կեսարյան հատումով, հիմա և՛ մայրիկի, և՛ երեխայի վիճակը բավարար է, սակայն նրանք հիվանդանոցում՝ բժիշկների հսկողության տակ կմնան ևս մի քանի օր: