ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Տավուշի մարզ։ Այս մասին նա հայտնում է իր ֆեյսբուքյան էջում։
Առավոտյան նա այցելել է Նոյեմբերյան, որտեղ ծանոթացել է տեղի բժշկական կենտրոնի մանկական և ինֆեկցիոն բաժանմունքների կառուցման աշխատանքների ընթացքին:
Ծրագիրը, որն ավարտին կհասցվի 2024 թվականի սկբզին, իրականացնում է «Հայաստան» համահայկական հիմնադրամը, ընդհանուր արժեքը կազմում է 115 մլն դրամ։ Կառավարությունն իր հերթին բաժանմունքները կապահովի նոր գույքով։
«Պետք է բացառել որևէ օգտագործված սարքավորման մուտքը մեր բժշկական կենտրոններ ու դպրոցներ։ Մի ժամանակ «բարեգործության» տող կար ՀՀ–ում` ուրիշ տեղից օգտագործած ավտո, սարք, աթոռ ու սեղան էին բերում։ Դա անընդունելի է», – նշել է վարչապետն ու հայտարարել, որ ՀՀդպրոցներում ու հիվանդանոցներում պետք է ամեն ինչ նոր լինի։
Բուժկենտրոնի բակում հավաքվածներին նա վստահեցրել է, որ վերանորոգված բաժանմունքներում միայն նոր սարքավորումներ են լինելու։
«Պոլիէթիլենային տոպրակները վրան քաշած կբերենք կտեղադրենք, դուք էլ էդ տոպրակները կպոկեք և կօգտագործեք»,– ասաց նա։
Վարչապետը ծանոթացել է նաև Նոյեմբերյանի փողոցներից մեկում սուբվենցիոն ծրագրի շրջանակում իրականացված 200 մետր երկարությամբ փողոցի տուֆապատման աշխատանքներին:
Նիկոլ Փաշինյանը նշում է, որ ծրագրի իրականացման համար հատկացվել է 29 մլն դրամ, որից 19 մլն-ը՝ պետբյուջեից: