Կրակոցներ Գյումրիում. խանութի մոտ 15 պարկուճ է հայտնաբերվել

Իրավապահներ. արխիվային լուսանկար
Ուսումնասիրության է ենթարկվել տարածքում առկա տեսանկարահանող սարքի տեսագրությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. Այսօր Գյումրու Բուլվարային փողոցում գործող խանութ-սրահի մոտ կրակոցների դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Նշվում է, որ այսօր` ժամը 08:46-ին, Գյումրի քաղաքի բնակիչներից մեկը հայտնել է, որ հիշյալ խանութի մոտ կան կոտրված ապակու կտորներ և մի քանի պարկուճներ:
Իրավապահները զննել են դեպքի վայրը և վերոնշյալ խանութի դիմաց հայտնաբերել 15 հատ կրակված փամփուշտի պարկուճ:
Խանութին կից գտնվող չօգտագործվող վագոն-տնակի պատերին և պատուհաններին հայտնաբերվել է 9 կրակոցի հետք, չօգտագործվող տնակի զննությամբ հայտնաբերվել և վերցվել է կրակված փամփուշտի մաս կազմող գնդակի շապիկ:
«Ուսումնասիրության է ենթարկվել տարածքում առկա տեսանկարահանող սարքի տեսագրությունը, որով պարզվել է, որ ապրիլի 28-ին` ժամը 01:49-ի սահմաններում, նշված խանութ-սրահին է մոտենում չպարզված մակնիշի և պետհամարանիշի տրանսպորտային միջոց, որից հետո երևում են կրակոցի նմանվող լուսարձակումներ, որից հետո նշված մեքենան հեռանում է տարածքից»,–ասված է հաղորդագրության մեջ։
Հարցաքննվել են մի շարք անձինք, նշանակվել է համալիր դատաձգաբանական և դատահետքաբանական փորձաքննություն:
Նշվում է, որ կրակոցներից տուժած անձանց մասին տեղեկություն չկա։
Անհետաձգելի քննչական և վարութային գործողություններ են կատարվում դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, առերևույթ հանցանք կատարած անձին (անձանց), ինչպես նաև հանցագործության գործիք հանդիսացող հրազեն(ներ)ը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:
Շոկոն Telegram–ով է ձեռք բերել, մարիխուանան` ինքը պատրաստել. ոստիկանների նոր բացահայտումը