Անդրեասյանը Շվիդկոյի հետ քննարկել է հայ-ռուսական մշակութային համագործակցության հարցեր

Առաջիկայում Ռուսաստանում կանցկացվի Չեխովյան փառատոնը, որին նաև հայ թատերական գործիչները կմասնակցեն:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Միջազգային մշակութային համագործակցության հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյի հետ քննարկել է հայ-ռուսական մշակութային համագործակցության հեռանկարներին վերաբերող հարցեր։ Տեղեկությունը հայտնում է ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը։
«Քեզ եմ երգում, իմ Հայաստան»․ Երևանում հայկական կինոյին նվիրված ցուցահանդես է բացվել
Հանդիպման ընթացքում նախարարը շեշտել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում հայ-ռուսական համագործակցությունը խորացնելու և արդյունավետությունը բարձրացնելու պատրաստակամությունը:
«Հայաստանի և Ռուսաստանի միջև միջպետական հարաբերություններում առանձնահատուկ տեղ է գրավում նաև կրթամշակութային ոլորտների համագործակցությունը։ Վստահ եմ՝ առկա հարաբերությունները զարգացնելու և խորացնելու ավելի մեծ ներուժ կա»,- ընդգծել է ԿԳՄՍ նախարարը։
Նա կարևորել է այսօր մեկնարկած «Մշակույթի բնագավառում հայ-ռուսական կրթական» համաժողովի անցկացումը, որի շրջանակում նախատեսվում է քննարկել ոլորտում համագործակցության ընդլայնման, կրթական միջավայրի բարելավման, կադրերի վերապատրաստման, բուհերի աշխատանքներում տեխնոլոգիաների ու նորարարությունների ներդրմանն առնչվող հարցեր:
Անդրեասյանը տեղեկացրել է, որ համաժողովի շրջանակում կայացել է նաև Ռուսաստանի կինոյի պետական թանգարանի «Երգում եմ քեզ, իմ Հայաստան» խորագրով ցուցադրության բացումը, որը նվիրված է «ՀայՖիլմ» կինոստուդիային և Հայաստանում ռուսական կինոյի օրերին: Ռուսական կինոյի օրերը մեկնարկում են Երևանում՝ Մոսկվա կինոթատրոնից, ֆիլմերի ցուցադրություն է նախատեսված նաև Գյումրիում:
Երևանում մեկնարկել է մշակույթի ոլորտում առաջին ռուս–հայկական կրթական համաժողովը
Միջազգային մշակութային համագործակցության հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոն իր հերթին ընդգծել է, որ երկու երկրների միջև ձևավորվել են մշակութային շատ ջերմ հարաբերություններ: Առաջիկայում Ռուսաստանում կանցկացվի Չեխովյան փառատոնը, որին նաև հայ թատերական գործիչները կմասնակցեն:
Կողմերը քննարկել են նաև կրթության և գիտության ոլորտներում փոխգործակցության՝ մասնավորապես տարբեր գիտական ինստիտուտների միջև համագործակցության հնարավորություններ ստեղծելու հեռանկարները: