Ակնաբույժից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 4 անշարժ և 8 շարժական գույք. դատախազություն

ՀՀ գլխավոր դատախազություն
Ակնաբույժ Ա.Ս.-ից կբռնագանձվի նաև գրեթե 400 մլն դրամ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. Գլխավոր դատախազությանը պահանջ է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան ՀՀ քաղաքացի, ակնաբույժ Ա.Ս.-ից և վերջինիս փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության անշարժ գույք և գումար բռնագանձելու համար։ Այս մասին հայտնում է դատախազության մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` պահանջվում է բժշկից բռնագանձել 4 անշարժ գույք՝ Երևան քաղաքում և 8 շարժական գույք, իսկ անհնարինության դեպքում պահանջվում է բռնագանձել դրանց միջին շուկայական արժեքները, որն ընդհանուր կազմում է ավելի քան 606 մլն 102 հազար 500 դրամ։
Պահանջվում է բռնագանձել նաև 9 մլն 912 հազար 752 դրամ գումար՝ որպես ապօրինի եկամուտների և միջոցների մնացորդ, ինչպես նաև 386 մլն 919 հազար 865 դրամի չափով գումար, որը 1996-2022 թվականների ընթացքում չի հիմնավորվել անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել:
Նշենք, որ ապրիլի 24–ին ՀՀ գլխավոր դատախազի` ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալ Սրբուհի Գալյանն ասաց, որ ներկայում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ 30–ից ավելի հայցադիմում կա դատարանում։
Հիշեցնենք, որ դատախազությունը միայն 2023 թվականին Հակակոռուպցիոն դատարանից պահանջել է ապօրինի գույք բռնագանձել ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանից, «Փարքինգ սիթի սերվիսի» տնօրեն Վազգեն Հարությունյանից, Արամ Վարդանյանից (Վստրեչի Ապեր), Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանից, ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանից և այլ անձանցից։