ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. Ռուսաստանը մտադիր է Թուրքիայում ստեղծվող գազային հանգույցի միջոցով ավելացնել գազի մատակարարումներն այլ երկրներ։ Այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը թուրքական «Ակկույու» ատոմակայան վառելիքի ներկրման արարողության ժամանակ։
«Մենք մտադիր ենք ակտիվացնել համագործակցությունը երրորդ երկրներ գազի մատակարարումների հարցում, դրան է ուղղված Թուրքիայում տարածաշրջանային գազային հանգույց ստեղծելու առաջարկը՝ շահագրգիռ արտասահմանյան գնորդներին շուկայական գներով բնական գազ մատակարարելու համար», - ասել է ՌԴ նախագահը:
Պուտինը նշել է` երբ «Ակկույու» ատոմակայանն աշխատի ամբողջ հզորությամբ, ՌԴ-ն, իհարկե, ավելի քիչ բնական գազ կմատակարարի Թուրքիային:
«Դա այսօր թանկ ապրանք է և միայն թանկանալու է, իսկ Թուրքիան կօգտվի սեփական ատոմային էներգետիկա ունենալու առավելությունից։ Ատոմային էներգետիկան, ինչպես հայտնի է, ամենաէժաններից մեկն է», - ընդգծել է նա:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները` Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հանձնարարել էին մանրամասն և արագ մշակել գազային հանգույցի ստեղծումը, որով ՌԴ–ն կկարողանա «Հյուսիսային հոսքից» գազի տարանցումը տեղափոխել Սևծովյան տարածաշրջան և Թուրքիա։