«Պատմության ուսուցչի» գործով վերաքննիչ դատարանը արդարացրել է Հակոբ Գրիգորյանին

Դատարան
Վերաքննիչ դատարանը բավարարել է ուսուցչի փաստաբանի միջնորդությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. «Պատմության ուսուցչի» գործով վերաքննիչ դատարանը(դատական կազմը՝ Մհեր Արղամանյան, Գագիկ Հովհաննիսյան և Ռոբերտ Պապոյան) արդարացրել է ուսուցչին, տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
«Վերաքննիչ դատարանը քիչ առաջ բավարարեց «Պատմության ուսուցչի գործով» մեր վերաքննիչ բողոքը` բեկանելով առաջին ատյանի դատարանի մեղադրական դատավճիռը և կայացրեց արդարացման դատավճիռ»,-նշել է փաստաբանը։
Մելիքյանը հայտնում է, որ դատավոր Մհեր Արղամանյանը ներկայացրել է չհամընկնող հատուկ կարծիք։
Հիշեցնենք, որ Հակոբ Գրիգորյանին մեղադրանք էր առաջադրվել դեռ 2021 թվականին։ Մեղադրական եզրակացության մեջ նշվում է` Գրիգորյանը, աշխատելով որպես պատմության ուսուցիչ, համաձայն չլինելով Փաշինյանի վարած քաղաքականության հետ և քաղաքական այլ հայացքներ ունենալու հանգամանքով պայմանավորված՝ 2021 թվականի մայիսի 21-ին 7-րդ դասարանի պատմության դասաժամին աշակերտների ներկայությամբ Փաշինյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ արել է բռնություն գործադրելու հրապարակային կոչեր։
Ի դեպ, առաջին ատյանի դատարանի դատավճռով Հակոբ Գրիգորյանը դատապարտվել էր 150 000 դրամ տուգանքի։