ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. Այսօր մի տղամարդ, որն ուներ մեղադրյալի կարգավիճակ, ցատկել է քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության երրորդ հարկի միջանցքի լուսամուտից և մահացել, տեղեկությունը հայտնում է քննչական կոմիտեն։
Նշվում է, որ Արտաշատ համայնքի Հովտաշենի բնակիչ Միսակ Պողոսյանին 2022 թվականի սեպտեմբերի 30-ին մեղադրանք էր ներկայացվել շուրջ 200 «Կանեփ» տեսակի բույս աճեցնելու, ինչպես նաև իրացման նպատակով 277 գրամ քաշով մի քանի տասնյակ փաթեթներով «Մարիխուանա» թմրամիջոցի շրջանառության համար։ Նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել բացակայելու արգելը։ Ավելի ուշ տղամարդու մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել է այլ թմրամիջոց, և նրան 2 ամսով կալանավորել են։
«Դրանից հետո, պարզվել է, որ Պողոսյանն ապօրինի ձեռք է բերել «Մարիխուանա» թմրամիջոց, որը հայտնաբերվել և վերցվել է 2023թ. ապրիլի 25-ին նրա անձնական խուզարկությամբ: Նրա նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել, և այսօր քննչական վարչություն են ուղեկցել վերջինիս։ Վարչության երրորդ հարկում` միջանցքում, ուղեկցող ոստիկանների հետ պաշտպանին սպասելու ընթացքում, Պողոսյանը, նախնական տվյալներով փախուստի դիմելու նպատակով, ցատկել է շենքի 3-րդ հարկի պատուհանի տակ գտնվող սեղանի վրա և պատուհանից ցած նետվել։ Արդյունքում ստացած վնասվածքներից վերջինս մահացել է»,–ասված է հաղորդագրության մեջ։
Դեպքի առթիվ քրեական օրենսգրքի 446-րդ հոդվածի 2-րդ մասի (պաշտոնեական անփութությունը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) և 506-րդ հոդվածի 1-ին մասի (արգելանքի վերցված, ձերբակալված, կալանավորված կամ քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող անձի փախուստը կամ ազատությունից զրկելու հետ կապված պատիժը կրելուց խուսափելը) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։