ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. 2022թ–ին ՀՀ պետական բյուջեի եկամուտներն աճել են 22.5 տոկոսով կամ 379,3 մլրդ դրամով, ծախսերը` 11.9 տոկոսով կամ 238.3 մլրդ դրամով։ Կառավարության նիստում այս տվյալները ներկայացրեց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը` ներկայացնելով 2022թ–ի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին որոշման նախագիծը։
Ֆինանսների նախարարը պարզաբանեց, որ պետության ծախսերի աճը հիմնականում պայմանավորված է եղել կապիտալ ծախսերի աճով։ Իսկ եկամուտների աճը պայմանավորել են հիմնականում արտաքին գործոնները, որոնց արդյունքում նախատեսված 7 տոկոս տնտեսական աճի փոխարեն 2022թ–ին ՀՀ–ում արձանագրվել է 12.6 տոկոսանոց աճ։
«Չնայած Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցների բացասական ազդեցության հետևանքով մարտ ամսին տնտեսության ակտիվության որոշակի դանդաղմանը, ապրիլ ամսից դեպի Հայաստան մարդկանց ներհոսքի, զբոսաշրջության զգալի ավելացման և ՏՏ ոլորտի ընկերությունների ՀՀ տեղափոխվելու արդյունքում տնտեսական աճի տեմպերը կտրուկ ավելացան, հատկապես ծառայությունների ոլորտում»,– ասաց նախարարը։
2022թ–ի պետական բյուջեի ծախսերի ամենամեծ բաժինը` 27.4 և 21.4 տոկոս, ունեցել են համապատասխանաբար աշխատանքի և սոցիալական հարցերի ու պաշտպանության նախարարությունները։
Հովհաննիսյանը նաև հայտնեց, որ 2022թ–ի պետական բյուջեի պակասուրդը պլանավորված ՀՆԱ–ի նկատմամբ 3 տոկոսի փոխարեն կազմել է 2.1 տոկոս։ Ընդ որում` եթե 2021թ–ին բյուջեի պակասուրդը լրացվել էր հիմնականում արտաքին աղբյուրներից, ապա 2022–ին այն ամբողջությամբ լրացվել է ներքին միջոցներով։
«Պետական բյուջեի պակասուրդի նվազման, բարձր տնտեսական աճի և փոխարժեքի արժևորման պայմաններում կառավարության պարտք/ ՀՆԱ հարաբերակցությունը էականորեն նվազել է` կազմելով 46.7 տոկոս` կանխատեսված 60.2 տոկոսի փոխարեն»,– ասաց ֆինանսների նախարարը` հավելելով, որ կառավարության պարտքը 2022թ–ի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 3 տրլն 969 մլրդ դրամ կամ 10 մլրդ 886 մլն ԱՄՆ դոլար։
Նախարարի ելույթից հետո կառավարությունը հաստատեց 2022թ–ի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը։ Այն մինչև մայիսի 1-ը կներկայացվի Ազգային ժողովի դատին։