- ի՞նչ սպասի երևանյան հանդիսատեսը 6 օկտավա և 8 կիսատոն բացառիկ տիրույթով եզակի երգչի «Stranger» շոուից:
- Ոչինչ սպասել պետք չէ։ Պետք է գալ և հաճույք ստանալ արտիստից, գեղեցիկ ձայնից, որակյալ երաժշտությունից և ստեղծագործական տրամադրությունից։ Դուք կհայտնվեք գեղեցկության և ստեղծագործության աշխարհում: Կսուզվեք համաշխարհային մեծ շոուի մեջ՝ հսկայական քանակությամբ հատուկ էֆեկտներով, հրատեխնիկայով և գեղեցիկ լույսերով: Յուրաքանչյուր համար փոքրիկ ներկայացում է:
- Սա Դիմաշի արդեն երկրորդ լայնածավալ նախագիծն է «Առնաու» համաշխարհային շրջագայությունից հետո։ Դիմաշն այն սկսել է հայրենի Ղազախստանում, շարունակելու է Հայաստանում, այնուհետև աշխարհի ևս 18 երկրներում: Ինչո՞ւ երգիչը համաշխարհային շրջագայության շրջանակում հենց Հայաստանն ընտրեց որպես երկրորդ երկիր:
- Հայաստանը շատ հարմար է իր աշխարհագրական դիրքով, և այստեղ շատ արտասահմանցի զբոսաշրջիկներ կան: Մասշտաբով այն փոքր երկիր է, բայց մեծ է իր պատմությամբ և խիզախ ժողովրդով, որը գնում է առաջ և ոչնչից չի վախենում: Ուստի այստեղ շատ գործոններ համընկել են։ Եվ ապագա երկրների մասին դատողությունները նույնպես այնքան էլ ճիշտ չեն: Մենք չգիտենք, թե ինչ է լինելու վաղը, և արդյոք շոուները հաջորդելու են մեկը մյուսին: Ուստի մեզ համար յուրաքանչյուր համերգ ասես առաջինն ու վերջինը լինի։ Յուրաքանչյուր համերգի ժամանակ մենք այնպես ենք անում, որ հանդիսատեսն առավելագույն հաճույք ստանա և հիշի այդ օրը։
Դիմաշ Կուդայբերգեն
© Photo : пресс-служба Димаша
- Արդյոք երևանյան հանդիսատեսը կլսի Դիմաշի այնպիսի հայտնի հիթեր, ինչպիսիք են «Sos Dun Terrien En Detresse», «Ավե Մարիա», «Requiem: the Story of One Sky», «Stranger», ինչպես նաև Իգոր Կրուտոյի երգացանկից երգեր:
- Այո՛, համերգին կհնչեն Ձեր նշած երգերը, ինչպես նաև այն երգերը, որոնք Իգոր Յակովլևիչը գրել է Դիմաշի համար: Բացի այդ, կլսեք բոլորովին նոր կատարումներ, որոնք արվել են հատուկ այս շրջագայության համար:
- Դիմաշը երգեր է կատարում 12 լեզուներով՝ ղազախերեն, ռուսերեն, անգլերեն, իսպաներեն, իտալերեն, ֆրանսերեն, չինարեն: Պատրաստվո՞ւմ է նաև հայերենով երգել։
- Այս պահին նման տարբերակ դեռ չի դիտարկվել: Բայց ստեղծագործական ուղին շատ հետաքրքիր է և երկար, և ինչ-որ ժամանակ ամեն ինչ հնարավոր է:
Դիմաշ Կուդայբերգեն
© Sputnik / Екатерина Лызловa
- Առաջին անգամ ոչ այնքան սովորական բարեգործական ակցիա է անցկացվում՝ Երևանի ստեղծագործական ուսումնական հաստատությունների ուսանողները որպես նվեր ստանում են երգչի շոուի տոմսերը: Այս ակցիայի նպատակն է հյուրընկալող երկրի տաղանդավոր երիտասարդներին ծանոթացնել յուրահատուկ արտիստի հետ և մոտիվացնել աշխատել իրենց վրա: Քանի՞ ուսանող նվեր կստանա այս տոնական շոուի ժամանակ:
- Ինձ թվում է, որ յուրաքանչյուր ուսանող պետք է և կարող է իրեն թույլ տալ մասնակցել նման մասշտաբային շոուի։ Դրա համար ամեն ինչ արվել է: Տոմսերի արժեքը սկսվում է 4000 դրամից: Դա արվում է այնպես, որ բոլոր ցանկացողները կարողանան ներկա լինել: Երբ ուսանող էի, վազում էինք ու վերջին փողերով համերգների տոմսեր գնում, որ կուռքերին տեսնեինք ու որակյալ երաժշտություն վայելեինք, գեղեցիկ ներկայացում դիտեինք։ Այժմ աշխարհը մի փոքր փոխվել է, և երիտասարդներն ավելի շատ մտածում են ոչ թե զարգանալու, այլ այն մասին, թե ինչպիսի տեսք ունեն և ինչ են ասելու իրենց մասին։ Դա մի փոքր վախեցնում է: Բայց ոչինչ, կրթելու ենք և մշակույթ սերմանելու: Դրա համար էլ ապրում ենք:
- Դիմաշը հայտնի է այն բանով, որ փորձում է ծանոթացնել աշխարհին հայրենի երկրի մշակույթին։ Իսկ ի՞նչ գիտի նա Հայաստանի հնագույն մշակույթի մասին, և արդյոք դրան ծանոթանալու ծրագրեր ունի:
- Այո՛, հիմնական առաքելությունն է աշխարհին ցույց տալ ղազախական մշակույթի և դրա ավանդույթների գեղեցկությունն ու բազմազանությունը: Ես իրավունք չունեմ նրա փոխարեն նման հարցերի պատասխանել, բայց վստահ եմ, որ նա արդեն բավականաչափ կարդացել է Հայաստանի և դրա պատմության մասին։ Մենք չորս օրվա համար հագեցած ժամանակացույց ունենք, այցելելու ենք երկրի տեսարժան վայրերը: Այնպես որ, Հայաստան այցից հետո նա կկարողանա արդեն ավելի մանրամասն պատասխանել կոնկրետ հարցին։
Դիմաշ Կուդայբերգեն
© Sputnik / Екатерина Лызлова