Ադրբեջանը սեղմում է Արցախի շուրջ օղակը. Սեյրան Օհանյանը` Շվեյցարիայի դեսպանին

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, խմբակցության պատգամավորներ Աղվան Վարդանյանն ու Արթուր Խաչատրյանն հանդիպել են Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Լուկաս Ռոզենկրանցի հետ
Ադրբեջանի գործողություններն ու նրա հայտարարած խաղաղ համակեցության մասին պնդումները չեն համապատասխանում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. Եվրոպական երկրների արդարացի, թիրախային աջակցությունը մեր պետության և Արցախի նկատմամբ կարևոր է։ Նշել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն այսօր Հայաստանում Շվեյցարիայի դեսպան Լուկաս Ռոզենկրանցի հետ հանդիպման ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է ԱԺ մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժինը։
Հանդիպման ժամանակ դեսպանին են ներկայացվել Հայաստանի անվտանգային խնդիրները, Լաչինի միջանցքի փակման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը, ադրբեջանական կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը:
«Ադրբեջանի հռետորաբանությունը և Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սադրանքները չեն խոսում հայ ժողովրդի հետ այդ երկրի հայտարարած խաղաղ համակեցությամբ ապրելու մասին»,-ասել է Օհանյանը։
Նա ընդգծել է, որ այսօր էլ Ադրբեջանը շարունակում է սադրանքներն ու ճնշումները և սեղմում Արցախի շուրջ օղակը: Շեշտվել է` արցախահայությունը չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Սեյրան Օհանյանը նշել է, որ արցախահայության համար անվտանգության երաշխիք կարող է լինել բացառապես կարգավիճակի խնդրի լուծումը` Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը: Ընդդիմադիր խորհրդարանականները կարևորել են միջազգային գործընկերների դերակատարությունը նաև ՀՀ տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերման հարցում։
Օհանյանն ընդգծել է ՌԴ խաղաղապահների և Արցախի պաշտպանության բանակի համագործակցության խորացման կարևորությունը:
Հավելենք, որ Շվեյցարիայի դեսպանի հետ հանդիպմանը մասնակցել են նաև «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Աղվան Վարդանյանն ու Արթուր Խաչատրյանը։