Սահմանամերձ գյուղերի բնակիչներն անպաշտպա՞ն են մնում. «Զենքի մասին» ՀՀ օրենքի ռիսկերը

Ինքնաձիգներ. Արխիվային լուսանկար
Քրեագետի համար տարօրինակ է օրինագծի կարգավորումը, համաձայն որի արգելվում է ակոսափող զենքը բնակավայրերում օգտագործել առնվազն 5000 մ–ից պակաս հեռավորության վրա, քանի որ հակառակորդը մոտ 2 կմ է հեռու։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. Քրեագետ, գնդապետ Տիգրան Պետրոսյանը ոչ մի տրամաբանություն չի տեսնում «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում կատարված փոփոխությունների մեջ և վստահ է` հակասություններն այստեղ շատ են։ Sputnik Արմենիայի հետ զրույցում Պետրոսյանը շեշտեց, որ վերջին տարում այն իրավիճակը չէր, որ հապշտապ այսպիսի օրենք ընդունվեր։
Նշենք, որ ներկայացված փոփոխություններով հիմնովին փոխվում է «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքը։ Ըստ օրինագծի՝ արգելվում է բնակավայրերից և ճանապարհներից 500 մետրից պակաս հեռավորության վրա օգտագործել ողորկափող զենք, իսկ ակոսափող զենքերի համար այդ տարածությունը 5000 մետր է: ԱԺ-ն էլ հետաձգել է օրենքի ուժի մեջ մտնելը մինչև հուլիսի 1-ը։
«Քննարկումներ կազմակերպեցին, բայց դիլետանտների մակարդակով, ոչ մի մասնագիտական քննարկում չի եղել։ Իմանալով մեր պետական գերատեսչությունների ներքին աշխատակարգը` վստահ եմ` մեծ մասը գրել են, որ դիտողություն և առաջարկություն չունեն։ Իսկ խելացի կամ գործնական առաջարկ ներկայացրածներին էլ հաշվի չեն առել»,– ասաց քրեագետը։
Մասնագետն անդրադարձավ իր համար խնդրահարույց հարցերին` ասելով, որ օրինագծով սահմանվող նոր չափորոշիչով ակոսափող զենքերը պետք է կիրառվեն բնակավայրերից առնվազն 5000 մ հեռավորության վրա։ Օրինակ` Հայաստանի և հակառակորդի (ադրբեջանական. խմբ) դիրքերի հեռավորությունն այժմ մոտ 2 կմ է, և ստացվում է, որ պետք է ևս 3 կմ մեր բնակավայրից հեռու գնալ, որպեսզի թույլատրվի օգտագործել սեփական ինքնապաշտպանության համար։ Այս օրենքում, ըստ Պետրոսյանի, հակասությունները շատ են, օրինակ` ողորկափողի դեպքում էլ սահմանվել է 500 մ, սա հասկանալի է։
Նրա խոսքով` քաղաքացու ինքնապաշտպանությունն ու անվտանգությունն ապահովելը պետության սահմանադրական իրավունքն է, բայց երկիրը չպետք է հասնի այն վիճակին, որպեսզի դրա համար «Զենքի մասին» օրենք փոխի։ Քրեագետը հռետորական հարց տվեց` քանի՞ հոգի պետք է այդ զենքից ձեռք բերի` 5՞, 10՞, 15՞։ Այդպիսի 15 միավոր զենքով հնարավոր չէ երկիր պահել։
Անդրադառնալով տարիքային շեմին վերաբերող հարցին` համաձայն որի զենք ձեռք բերելու համար նվազագույն տարիքային շեմը 21 տարեկանն է, Պետրոսյանը նշեց, որ այդ որոշումն էլ իր համար անհասկանալի է և չհիմնավորված։ Ընդգծեց` այն տղաները, որոնք 18 տարեկանում անցնում են պարտադիր զինվորական ծառայության, վերադառնում 20 տարեկանում, հետո 1 տարի պետք է սպասեն, որպեսզի զենք ձեռք բերելու թույլտվության տարիքը լրանա` անտրամաբանական է։
Քրեագետի պնդմամբ` դպրոցական տարիքից զենքի հետ ծանոթանալու, դրա հետ վարվելու կանոններին տիրապետելու ծրագրերն այսօր խորհրդային մակարդակի վրա են։ Արդեն անցել է դպրոցներում ինքնաձիգ քանդել–հավաքել սովորեցնելու դարը, պետք է ավելի արդիական տեխնոլոգիաներ սովորեցնել։ Պետրոսյանը շեշտեց` զենքի հետ վարվեցողությանն առնչվող առարկաները պետք է շատացնել, խստացնել և արդյունավետ դարձնել։