Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում հրդեհ է բռնկվել Ռուսական գիտության և մշակույթի կենտրոնի շենքում, ականատեսները չեն բացառում հրկիզումը։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին է հայտնել կենտրոնի տնօրեն Ալինա Ռադչենկոն:
«Ժամը 13։30-ի սահմաններում (Երևանի ժամանակով` 14։30) երկու գմփոց լսեցինք։ Ուշադրություն չդարձրինք, հետո պարզվեց, որ մեր շենքը հրդեհվել է։ Ըստ ականատեսների` ամենայն հավանականությամբ, ինչ-որ բան են շպրտել հենց ՌԳՄԿ-ի շենքի վրա»,-ասել է Ռադչենկոն:
Այս պահին հրդեհը մարվել է, սակայն շենքին զգալի վնասներ է կրել. այրվել է ամբողջ պատը, տանիքը, նյութերը:
«Վնասը դեռ պետք է գնահատել։ Ընտրվել է այնպիսի կետ, որտեղ գրասենյակային տարածքներն են»,-ասել է նա։
Հիշեցնենք` ուկրաինական համայնքի ներկայացուցիչները պարբերաբար ակցիաներ են անցկացնում Կիպրոսում գործող ռուսական հաստատությունների մոտ։ Անցյալ տարվա օգոստոսին ուկրաինուհին դանակով հարձակվել էր ռուսների վրա Ռուսաստանի Դրոշի օրվա տոնակատարության ժամանակ, դատարանը նրան դատապարտել էր 6 ամսվա ազատազրկման: