ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. Համընդհանուր հարկային հայտարարագրերը, որոնք ուժի մեջ են մտնում 2024 թվականից, նախատեսում են ոչ միայն եկամուտների հաշվառում, այլև հարկային կրեդիտներ` եկամտահարկից դուրսգրումներ ուսման և առողջապահական ծախսերի դիմաց: Մասնագիտական քննարկման ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը։
Խնդիրն այն է, որ, այդքանով հանդերձ, հարկային հայտարարագրեր ներկայացնելը հնարավորինս հեշտ լինի քաղաքացիների համար (որոնցից շատերը ֆինանսական գրագիտության հմտություններ չունեն):
ՊԵԿ–ն արդեն ապահովել է տվյալների բազաների միացում այն գերատեսչությունների հետ, որոնք այս կամ այն կերպ կապված են քաղաքացիների եկամուտների և գույքի հետ` սոցապահովության ծառայության, անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, ՆԳՆ-ի ենթակայության տակ գտնվող ավտոմեքենաների տվյալների բազայի, ինչպես նաև բանկերի տվյալների հետ։ Ըստ ֆինանսների նախարարության` այսպիսով եկամուտների հայտարարագիրը մեխանիկորեն կլրացվի միջինը 80%-ով, և քաղաքացիները ստիպված կլինեն ձեռքով լրացնել միայն մնացած 20%-ը:
Ռուսաստանի հայերը և Հայաստանի ռուսները
Կարճ ասած` երկուսն էլ անհանգստանալու բան չունեն: Եթե խոսենք արտասահմանից (Ռուսաստանից և այլ երկրներից) մեր հայրենակիցների փոխանցումների մասին, ապա դրանք ինչպես չէին հարկվում, այնպես էլ չեն հարկվելու։ Դա տրամաբանական բացատրություն ունի։
Եթե Հայաստանի քաղաքացին աշխատավարձ է ստանում Ռուսաստանում (օրինակ` շինարարության ոլորտում) և դրա մի մասն ուղարկում է տուն, ապա այդ աշխատավարձն արդեն իսկ հարկվում է Ռուսաստանում, իսկ նույն գումարից չի կարելի երկու անգամ հարկ գանձել (Ռուսաստանում, ապա Հայաստանում)։ Առավել ևս, որ Ռուսաստանի (և շատ այլ երկրների) հետ Հայաստանը կրկնակի հարկումը բացառող համաձայնագրեր ունի։
Եթե խոսենք Հայաստանում ապրող ռուսաստանցիների մասին, ապա նրանք ստիպված չեն լինի հարկային հայտարարագրեր կազմել, նույնիսկ եթե ռեզիդենտ են դարձել։ Հայտարարագրերի պարտավորությունը տարածվում է միայն ՀՀ քաղաքացիների վրա:
«Կարկանդակների» մասին
Եկամտահարկից դուրսգրումները հիմնականում նախատեսված են կրթության և առողջապահության ծախսերի համար (իհարկե, այդ ծախսերը պետք է փաստաթղթավորվեն): Տեսականորեն դիտարկվում է նաև բնակարանային ծախսերի (վերանորոգում և այլն) համար դուրսգրման հնարավորությունը, բայց այս հարցում գործադիրը չի շտապում, քանի որ պետությունն առանց այդ էլ հիփոթեքով եկամտահարկի վերադարձ է տալիս (որի ծախսն այս տարի կարող է հասնել 40 մլրդ դրամի, այսինքն` ավելի քան 100 մլն դոլարի)։
«Իհարկե, կան նաև եկամուտներ, որոնք ֆիննախը չի տեսնում. դասական օրինակը անշարժ գույքի վարձակալությունից ստացված եկամուտներն են»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ Ֆինանսների նախարարության եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչության պետ Օրի Ալավերդյանը։
Կան նաև եկամուտների այլ «կտորներ» (փոքր չափերի, բայց պետության համար ևս բավականին կարևոր), ինչպիսիք են ֆիզիկական անձանց միջև գույքի վաճառքից, ինչպես նաև առցանց աշխատանքից ստացվող եկամուտները, որտեղ գործատուն կարող է հայտնի չլինել Հայաստանի հարկային մարմիններին (հաճախ կարող է երկրից դուրս գտնվել)։
Թե ինչպիսին կլինեն հարկային կրեդիտները, առայժմ ամբողջովին պարզ չէ։ Բայց հաշվի առնելով, որ համընդհանուր հայտարարագրերը փուլ առ փուլ կսկսեն գործել 2024 թվականից, առաջիկա ամիսներին պետք է մոտեցումը հասկանալ` դրանք կլինեն սանդղակով (եկամտից տոկոսներով), թե «հարթ»` համահավասար առավելագույն «առաստաղով»։
Մի բան պարզ է` եթե խոսքը առողջապահության մասին է, ապա քաղաքացիները չեն կարողանա միաժամանակ ստանալ և՛ բուժման ծախսերի հատուցում, և՛ առողջապահության ապահովագրության պետական համաֆինանսավորում։ Թե քաղաքացիների միջև ինչպես կբաժանեն այս երկու տեսակի օգնությունը, դեռ պարզ չէ, բայց նույն անձը երկու «կարկանդակ» չի ստանա։
Եվ վերջապես «մտրակների» մասին
Եթե խոսքը վերաբերում է սովորական քաղաքացիներին, ոչ թե բարձրաստիճան պաշտոնյաներին, ապա հայտարարագրերում մեքենայությունների համար պատասխանատվության հարցը դեռ չի քննարկվում (արդարադատության նախարարությունից կամ իրավական ոլորտի այլ գերատեսչություններից նման օրենսդրական նախաձեռնություններ ֆիննախը չի ստացել) ։
Կան ռիսկեր, որ ՊԵԿ-ի և ֆինանսների նախարարության վերլուծաբանները ուղղակի կխեղդվեն կույտի տակ (թեկուզ` էլեկտրոնային), որոնք կլինեն հարյուրհազարավոր (իսկ եթե գումարվեն կենսաթոշակառուները, ապա միլիոնավոր)։
Կան նաև ռիսկեր, որ հարուստ քաղաքացիները կշարունակեն իրենց չհաշվառված եկամուտները ձևակերպել հարազատների անունով նվիրատվությունների տեսքով (որոնք չեն հարկվում)։ Այս փուլում համընդհանուր հարկային հայտարարագրերի նպատակը ոչ թե կոռուպցիայի դեմ պայքարն է (բոլոր խնդիրները միանգամից լուծել հնարավոր չէ), այլ մեր իրական եկամուտների մասին էլեկտրոնային «պատկեր» ստանալը: Միայն տարիներ անց համակարգի աշխատանքի ընթացքում հնարավոր կլինի հասկանալ, թե որքանով է այդ պատկերը հստակ և ինչ է պետք անել դրա հետ:
Հիշեցնենք, որ Հարկային օրենսգրքի գործող խմբագրության համաձայն` 2023 թվականի եկամուտների հայտարարագիր պետք է ներկայացնեն պաշտոնյաներն ու խոշոր գործարարները, 2024-ի համար վարձու աշխատողները, իսկ 2025-ի համար` ՀՀ բոլոր ռեզիդենտները։