ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. Հայոց ցեղասպանության զոհերի էլեկտրոնային բազան հիմք կհանդիսանա կայքի ստեղծման համար, որը հասանելի կլինի ամբողջ աշխարհում: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի (ՀՑԹԻ) Հայոց ցեղասպանության զոհերի տվյալների հավաքագրման և փաստագրման բաժնի վարիչ Շուշան Խաչատրյանը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանում պատրաստվում են Հայոց ցեղասպանության զոհերի տվյալների էլեկտրոնային բազա ստեղծել, որի գլխավոր նպատակն է ի մի բերել ցեղասպանությունը վերապրածների և յուրաքանչյուր զոհի անունները կենսագրական տվյալներով:
«Մեր տնօրենի նախաձեռնությամբ 2019 թվականին սկսեցինք տեղեկություններ հավաքել։ Այժմ աշխատանքներ են տարվում անունների հավաքագրման և տվյալների միասնական բազա ստեղծելու ուղղությամբ», - ասաց Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ կայքում բացվելու են Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած սարսափելի կոտորածի զոհերի և տուժածների անուններով էջեր:
Խաչատրյանը պարզաբանեց, որ տեղեկությունները հավաքվելու են ինչպես արխիվային փաստաթղթերից, այնպես էլ ժառանգների տրամադրած տվյալների հիման վրա։
«Կայքը հասանելի է լինելու բոլորին։ Յուրաքանյուր ոք կկարողանա աշխարհի ցանկացած կետում մտնել, որոնման համակարգում մուտքագրել իր պապի կամ նախապապի անունը և տեղեկություններ գտնել նրա մասին», - ասաց Խաչատրյանը:
Նա պարզաբանեց, որ բարձր տեխնոլոգիաները կօգնեն վերականգնել այս կամ այն մարդկանց տվյալները։ Խոսքը վերաբերում է նեյրոնային կապերին, որոնք օգնում են վերականգնել տոհմը։
Տվյալների բազայում կհայտնվեն նաև նրանք, ում անունները կամ պատմությունները տեղեկատվության հավաքման ընթացքում պատահաբար հայտնաբերվել են արխիվային փաստաթղթերում։ Այդ ամենը կցուցադրվի կայքում, կփաստաթղթավորվի էլեկտրոնային եղանակով: Վերջնական նպատակն այն է, որ զանգվածային կոտորածից տուժած ոչ մի անձ չմոռացվի։
Թանգարանում կարծում են, որ կայքը օգտակար կլինի ոչ միայն սփյուռքի կամ գիտական շրջանակների, այլև պետության համարՀայոց ցեղասպանության ճանաչման հարցն առաջ մղելու գործում:
Հայոց ցեղասպանության զոհերի տվյալների հավաքագրման և փաստագրման բաժնի վարիչը նաև ընդգծեց, որ այդ ուղղությամբ աշխատանքը ֆինանսական մեծ ծախսեր և մարդկային ռեսուրսներ է պահանջում: Այս պահին թանգարանը սպասում է ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի պատասխանին:
Ավելի վաղ ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշել էր, որ նախաձեռնությունն իրականացվում է պետության աջակցությամբ։ Թանգարանի ղեկավարությունը համապատասխան գրավոր երաշխիքներ է ստացել ինչպես ԱԳՆ-ից, այնպես էլ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից: ՀՑԹԻ-ն հետագա քայլերի համար դիմել է գիտության կոմիտե: Մարությանի խոսքով` այդ գործընթացը կարող է 10-15 տարի տևել: