«Էրեբունի» բուժկենտրոնի ծննդատնից դուրս է գրվել 480 գրամ քաշով ծնված և այժմ 2 կգ կշռող Սամվելը։ Տեղեկությունը հրապարակվել է ԲԿ–ի ֆեյսբուքյան էջում։
Նշվում է, որ փոքրիկը 4 ամիս, 7 օր նորածնային ինտենսիվ թերապիայի բաժանմունքում է անցկացրել:
«Սա աննախադեպ արդյունք է ոչ միայն «Էրեբունի» ԲԿ–ի ծննդատան նորածնային բաժանմունքի պատմության մեջ, այլև ամբողջ Հայաստանում»,– ասված է հաղորդագրությունում։
Ծննդատան տնօրեն Անդրանիկ Պողոսյանը մոր և նորածնի կյանքը փրկելու համար կեսարյան հատում է արել 26 շաբաթականում։ Ներարգանդային սնուցման խնդիրներով ծնված փոքրիկի քաշը ծայրահեղ ցածր է եղել՝ 480 գրամ։
«Առաջին իսկ օրվանից իմացել եմ, որ իմ բալիկն ապրելու է, բացարձակ չեմ հուսահատվել։ Հույսս դրել եմ Աստծո և բժիշկների վրա։ Մյուս մամաներին նույն խորհուրդն եմ տալիս»,–ասում է փոքրիկի մայրը` Ակսինյան։
Փոքրիկ Սամվելը տուն է գնում առանց առողջական խնդիրների: