Տոնոյանն առաջարկում է անցկացնել քննիչ հանձնաժողովի բաց նիստ իր և Փաշինյանի մասնակցությամբ

Դավիթ Տոնոյան. Արխիվային լուսանկար
Պաշտպանության նախկին նախարարը կարծում է, որ քննչական հանձնաժողովի նախագահը չի կարող անաչառ լինել իր գնահատականներում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի - Sputnik. ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը բացառում է իր մասնակցությունը ԱԺ ՔՀ աշխատանքներին: Այս մասին նշված է նրա տարածած հաղորդագրության մեջ։
Ապրիլի 18-ին ԱԺ պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի ու 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել էր, որ եթե ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի այցը ԱԺ անհնար լինի, ապա քննիչ հանձնաժողովի նիստ կարող է անցկացվել մեկուսարանում։

«Իրավունքներիս և ազատություններիս անհեթեթ մեղադրանքով սահմանափակված լինելու պայմաններում և անձնապես, և իրավական առումով բացառում եմ մասնակցությունս ԱԺ ՔՀ աշխատանքներին»,-հայտարարել է Դավիթ Տոնոյանը:

Նա նաև շեշտել է, որ անկախ փորձագետների և ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչների բացակայությունը ՔՀ նիստերին ոչ միայն հարցեր է առաջացնում վերջինիս աշխատանքի անկողմնակալության վերաբերյալ, այլև պարարտ հող է հանդիսանում քաղաքական շահարկումների, զրպարտանքների և դիլետանտական բամբասանքների շարունակության համար:
Տոնոյանը կարծում է, որ ՔՀ նախագահող անձը չի կարող անաչառ լինել իր գնահատականներում՝ հաշվի առնելով «2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո իմ և Զինված ուժերի հասցեին իր կողմից արված անպատասխանատու հայտարարությունները»։
Պաշտպանության նախկին նախարարը կրկին հիշեցրել է, որ պատրաստ է կրել իր բաժին պատասխանատվությունն ու առաջարկել է իր և Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ անցկացնել քննիչ հանձնաժողովի բաց, հանրային նիստ, որի ընթացքում կպատասխանեն հանրությանը հետաքրքրող բոլոր հարցերին:
Այս «անպիտան» գործով ցուցմունք չեմ տվել և չեմ էլ տալու. Դավիթ Տոնոյան
Հիշեցնենք` 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով քննիչ հանձնաժողովը ստեղծվել է 2022 թվականի փետրվարին։ Հոկտեմբերին հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարաձգվեց ևս 6 ամսով։
2021-ի սեպտեմբերի 30-ին ԱԱԾ-ն հայտնեց, որ Դավիթ Տոնոյանն ու զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը ձերբակալվել են առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով, նույն օրը Տոնոյանն ու Գալստյանը կալանավորվել են։
Այս գործով մեղադրանք է առաջադրվել նաև ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանին, ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, ՀՀ ՊՆ ավիացիայի վարչության ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության պետ Արտյոմ Համբարյանին և ավիացիայի վարչության գլխավոր ինժեներ Վլադիմիր Բաբայանին: