Փաշինյանի հետ բաց նիստ անցկացնելու Տոնոյանի առաջարկը կքննարկվի. Անդրանիկ Քոչարյան

Անդրանիկ Քոչարյան
Այսօր ավելի վաղ Դավիթ Տոնոյանն հայտարարություն էր տարածել՝ բացառելով իր մասնակցությունը ԱԺ քննիչ հանձնաժողովի աշխատանքներին: Նա նաև իր առաջարկն էր ներկայացրել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի առաջարկը կքննարկվի ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի ու 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը` անդրադառնալով Տոնոյանի՝ քննիչ հանձնաժողովի աշխատանքներին չմասնակցելու վերաբերյալ հայտարարությանը։
«Մեր խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը երկու անգամ այցելել է Դավիթ Տոնոյանին։ Քննարկման փուլ անցնում ենք, գուցե, այդ փուլի արդյունքում է, որ պարոն Տոնոյանն արձագանքել է և պայմաններ է առաջարկել։ Այդ պայմանների մասին մենք անպայման զրույց կունենանք», - ասաց Քոչարյանը։
Այսօր ավելի վաղ Դավիթ Տոնոյանը հայտարարություն էր տարածել՝ բացառելով իր մասնակցությունը ԱԺ քննիչ հանձնաժողովի աշխատանքներին: Փոխարենը նա առաջարկել էր իր և Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ քննիչ հանձնաժողովի բաց, հանրային նիստ անցկացնել։
«Իմ խնդիրն առաջարկելն է և նայել՝ օրենսդրությունը թույլ տալի՞ս է նման ձևաչափով աշխատանքը կազմակերպել, թե՞ ոչ։ Մենք խոսել ենք բաց նիստ ունենալու հնարավորության մասին, բայց փակ մասեր անպայման կլինեն, բացն ու փակը հանձնաժողովը կքննարկի», ասաց Քոչարյանը։
Հիշեցնենք` 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով քննիչ հանձնաժողովը ստեղծվել է 2022 թվականի փետրվարին։ Հոկտեմբերին հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարաձգվեց ևս 6 ամսով։