ՌԴ–ն իսրայելցիներին ու պաղեստինցիներին հորդորում է դադարեցնել գրոհներն ու ագրեսիան. Լավրով

Սերգեյ Լավրով
ՌԴ արտգործնախարարը ելույթ է ունեցել ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի նիստում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. Ռուսաստանն իսրայելցիներին ու պաղեստինցիներին կոչ է անում դադարեցնել հարձակումներն ու ագրեսիան։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս հայտարարությունն արել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի նիստում, որը նվիրված է եղել Մերձավոր Արևելքի իրադրությանն ու պաղեստինյան հարցին։
«Հորդորում ենք դադարեցնել բոլոր միակողմանի գործողությունները, որոնք վտանգում են «երկպետական» բանաձևի իրագործման հնարավորությունը, այդ թվում` ահաբեկչական և այլ զինված գրոհները, ագրեսիային դրդելը, ցանկացած կողմից ուժի անհամաչափ կիրառումը, բնակավայրերի խնդրի հետ կապված ոչ օրինաչափ գործողությունները, Երուսաղեմի ստատուս–քվոն փոխելու փորձերը», – ասել է ՌԴ նախարարը։
Նրա խոսքով` Ռուսաստանը ցանկանում է, որ պաղեստինյան շարժումները վեր կանգնեն կուսակցական հավակնություններից և համախմբվեն Պաղեստինի ազատագրման կազմակերպություն քաղաքական հարթակում։
«Դա թույլ կտա բարելավվել սոցիալ–տնտեսական վիճակը, ուժեղացնել վարչական ինստիտուտներն ու Իսրայելի հետ երկխոսության պատրաստ լինել արդեն ամբողջ պաղեստինցի ժողովրդի անունից», – կարծում է նախարարը։
Նա ընդգծել է, որ պաղեստինյան համախմբման ուղղությամբ աշխատում են Եգիպտոսը, Հորդանանը, Ալժիրը։
«Մենք ևս ջանքեր ենք գործադրում այդ ուղղությամբ և շարունակելու ենք դրանք», – ասել է Լավրովը։
Ավելի վաղ ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը հայտարարել էր, որ պաղեստինա–իսրայելական հակամարտության շուրջ իրավիճակը մշտական ռեցիդիվ է, փակ շրջան, անհրաժեշտ է փոխընդունելի լուծումներ փնտրել։ Դիվանագետի խոսքով` միջազգային իրավական հիմք կա, և դրա հիման վրա անհրաժեշտ է բանակցություններ վարել։
Պետք է ընդլայնել խորհրդի անդամների թիվը. Լավրովը՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում