Նիկոլ Փաշինյանը համաձայնել է հանդիպել զինվորական կացարանում զոհվածների ծնողների հետ

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների ծնողները
Զոհվածների ծնողների ներկայացուցիչը հայտնել է, որ հանդիպումը փակ է լինելու։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայնել է հանդիպել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների ծնողների հետ։ Տեղեկությունը հայտնում է ծնողների ներկայացուցիչ Նորիկ Նորիկյանը։
Ապրիլի 18-ին տեղեկացրել էինք, որ ծնողները փակել են Երևան-Սևան մայրուղին և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպում են պահանջում։ Նրանց մոտեցել էր Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը և խոստացել պահանջը փոխանցել վարչապետին և նախարարին։ Հաջորդ օրը ծնողներին հայտնել էին, որ պաշտոնյաները մինչև նախաքննության ավարտը նպատակահարմար չեն գտնում հանդիպելը։ Երեք օր անց` ապրիլի 21-ին ծնողները փակել էին Հանրապետության հրապարակին հարակից փողոցները և նույն պահանջը ներկայացրել։ Հետո հայտնի էր դարձել, որ նրանք հանդիպում են ունեցել Փաշինյանի օգնական Գագիկ Իսախանյանի հետ։
«Հայտնում եմ, որ ապրիլի 27-ին տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների ծնողների հանդիպումը։ Հանդիպումը լինելու է փակ, որին մասնակցելու են բացառապես զոհված զինծառայողների ծնողները»,– ֆեյսբուքյան էջում գրել է Նորիկյանը։
Հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ էր բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետևանքով զոհվել էին 15, վնասվածքներ ստացել` 7 զինծառայող։
Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել էին 2-րդ բանակային կորպուսի հրամանատարն ու այլ բարձրաստիճան զինվորականներ։
Քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ)։ Քրեական վարույթ է նախաձեռնվել նաև պաշտոնատար անձանց կողմից հրդեհային անվտանգության սահմանված կանոնները չպահպանելու, դրա հետ կապված գործառույթները կատարելու հարցում առերևույթ անփութություն դրսևորելու փաստի առթիվ։
Այս գործով կալանավորվել է ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գոռ Աղեկյանը։ Քրգործ է հարուցվել նաև հրդեհից տուժած սպայի` Ե.Հ.–ի և զորամասի ինժեներասակրավորային վաշտի հրամանատար Գ.Մ.-ի նկատմամբ։