ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին և նրա ուշադրությունը հրավիրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով արցախահայության իրավունքների պաշտպանության խնդրի հրատապությանը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։
«Մանասյանը կարևորել է մարդու իրավունքներին վերաբերելի խնդիրների լուծման ուղղությամբ շուտափույթ քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը։ Նա ընդգծել է պատերազմական հանցագործությունների փաստերի ամրագրման և մարդու իրավունքների միջազգային մանդատ ունեցող կազմակերպություններին ու դերակատարներին ներկայացման հարցում հաստատության կատարած աշխատանքները»,– ասված է հաղորդագրությունում։
ՀՀ ՄԻՊ–ն անդրադարձել է նաև ապրիլի 14-ին Սյունիքի մարզ կատարած այցի արդյունքներին, բարձրաձայնել ադրբեջանական զինված ուժերի գործողությունների հետևանքով սահմանային բնակավայրերի բնակչության կյանքի և անվտանգության, սեփականության, ֆիզիկական ու հոգեկան անձեռնմխելիության, երեխաների կրթության իրավունքների խախտումների մասին։
Դեսպանին են ներկայացվել նաև ՀՀ-ում կալանավորված ադրբեջանցի զինծառայողներին տեսակցելու մանրամասները։
Հանդիպմանը կողմերը վերահաստատել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցելու և փոխգործակցության ոլորտներն ընդլայնելու իրենց պատրաստակամությունը: