ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. Ֆրանսիայի Սենատում ստեղծվել է Արցախի հարցով հանձնախումբ, որի նպատակն է աջակցել ու զորակցել արցախահայությանը: Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի հետ հանդիպման ժամանակ այս մասին ասել է Ֆրանսիայի Սենատում Լեռնային Ղարաբաղի հարցով խմբի հիմնադիր և նախագահ, Արևելքի քրիստոնյաների հարցով կապի խմբի նախագահ Բրունո Ռըտայոն։ Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։
Ռըտայոն ընդգծել է, որ ջանքեր կգործադրի միջազգային ատյաններում բարձրաձայնելու արցախահայության ազատ ու անկախ ապրելու իրավունքի պահանջը:
Կաթողիկոսն էլ անդրադարձել է արցախահայության և Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ Ադրբեջանի կողմից շարունակվող ոտնձգություններին:
«Այս առնչությամբ Նորին Սրբությունը կարևոր համարեց միջազգային հանրության հետևողական ջանքերի գործադրումն Ադրբեջանի որդեգրած ծավալապաշտական քաղաքականությունը կանխելու հարցում։ Գարեգին 2-րդը նաև իր գնահատանքը հայտնեց Ֆրանսիայի իշխանություններին արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում ու հետպատերազմական շրջանում Հայաստանին և հայ ժողովրդին ցուցաբերած աջակցության և զորակցության համար: Նա երախտագիտություն հայտնեց Ֆրանսիայի Սենատին Հայոց Ցեղասպանության ճանաչման, դատապարտման, ինչպես նաև Արցախի անկախության մասին բանաձևի ընդունման համար»,– ասված է հաղորդագրությունում։
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև գերիների վերադարձման, Լաչինի միջանցքի արգելափակման, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական հոգևոր և մշակութային ժառանգության պահպանման խնդիրներին: