Երևանի քաղաքապետարանը մայիսի 1-ից նախատեսում է շահագործման հանձնել ևս 4 երթուղի

Արխիվային լուսանկար
Նախորդ շաբաթ շահագործման է հանձնվել 2 երթուղի՝ համար 40-ը և 67-ը: Վերջիններս երթուղի են դուրս եկել փոքր դասի ավտոբուսներով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. Երևանի քաղաքապետարանը մայիսի 1-ից նախատեսում է շահագործման հանձնել ևս 4 երթուղի: Տեղեկությունը Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Սարգսյանը։
Նա նշեց, որ նախորդ շաբաթ շահագործման է հանձնվել 2 երթուղի՝ համար 40-ը և 67-ը: Վերջիններս երթուղի են դուրս եկել փոքր դասի ավտոբուսներով:
Իսկ մայիսի 1–ից 3-րդ համարի երթուղին կփոխարինվի «MAN» ավտոբուսներով. այն կուղևորվի Նորքի 9-րդ զանգվածից մինչև Հարավարևմտյան թաղամաս (ՀԱԹ):
18 համարի երթուղու «Բոգդան» ավտոբուսներին կփոխարինեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները՝ Սիլիկյան թաղամասից մինչև Օշական:
21 համարի «Պազ»-ների փոխարեն կշահագործվեն փոքր դասի ավտոբուսներ (Սարի թաղ):
47 համարի փոքր դասի ավտոբուսները կունենան երթուղու փոփոխություն: Նուբարաշեն վարչական շրջանից վերջնակետը կսահմանվի Տիտոգրադյան-Խաղաղ Դոնի փողոցների հատման հատվածը, երթուղին կփոխարինվի «Ժոնգ Թոնգ» ավտոբուսներով:
Եվս 2 փոքր դասի ավտոբուսներ կիրականացնեն Եռաբլուր-Բաբաջանյան փողոց անվճար ուղևորություն:
Ավելի վաղ քաղաքապետարանը հայտնել էր, որ մայիսի սկզբին նախատեսվում է շահագործման հանձնել ևս 110 ավտոբուս։