ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. 2023 թվականը ոստիկանության համար թմրամիջոցների դեմ շրջանառության պայքարի տարի է։ Ազգային ժողովի արտահերթ նիստի ժամանակ այս մասին հայտարարեց ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանը` անդրադառնալով երևանյան ակումբներից մեկում իրականացված հատուկ օպերացիային։
Նշենք, որ սոցցանցերում մի տեսանյութ էր տարածվել, ըստ որի` ապրիլի 22–ի լույս 23-ի գիշերը ոստիկանությունը հատուկ օպերացիա է իրականացրել Երևանի «Poligraf» ակումբում։ Ակումբն իր ֆեյսբուքյան էջում հայտարարել էր, որ բոլորին պառկեցրել են հատակին և բռնի ուժով տարել ոստիկանական բաժանմունք։ Ավելին, աշխատակազմն ու այցելուները ենթարկվել են դաժան ծեծի և խուզարկության համար մերկացվել ոստիկանության բաժնում։
«Այս ուղղությամբ ինտենսիվ աշխատանքներ են իրականացվում մեր ծառայության բոլոր ստորաբաժանումների կողմից։ Ակումբները ևս բացառություն չեն, որովհետև փորձը ցույց է տալիս, որ հատկապես նման հաստատություններում թմրամիջոցների շրջանառության ռիսկը շատ ավելի բարձր է»,-ասաց Սարգսյանը։
Անդրադառնալով լուրերին, թե ոստիկանների կողմից բռնություն է կիրառվել ակումբներից մեկում իրականացված օպերացիայի ժամանակ, փոխնախարարն ասաց` պետք է պարզել` անհամաչափ ուժի կիրառում եղել է, թե ոչ։
«Հիմա կդժվարանամ ասել՝ համաչա՞փ է եղել ուժի կիրառումը կամ եղե՞լ է, թե՞ ոչ։ Վստահեցնում եմ, որ ցանկացած դեպքում ունենում ենք հաղորդումներ և համապատասխան արձագանք է լինում»,–ասաց նա
Փոխնախարարը վստահեցրեց, որ եթե հիմքեր լինեն ծառայողական քննության, ապա դա ևս կիրականացվի։