Ծննդյան օրը չէր նշում․ ապրիլի 24-ին կոմպոզիտոր Էդուարդ Փաշինյանը կդառնար 100 տարեկան

Էդուարդ Փաշինյան
Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Էդուարդ Ռուբենի Փաշինյանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը՝ ապրիլի 24-ին ծնվածներից մեկն էր։ Այսօր նա կդառնար 100 տարեկան։
Sputnik
Հայտնի կոմպոզիտոր Էդուարդ Փաշինյանը իր ծննդյան տարեդարձը չէր նշում։ Ապրիլի 24-ին աղմկոտ երեկույթների փոխարեն նա նախընտրում էր երկու անգամ այցելել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Այս մասին Sputnik Արմենիային պատմեց նրա թոռը՝ գրող, դերասան և ռեժիսոր Ռուբեն Փաշինյանը։
«Ավանդույթի համաձայն՝ ապրիլի 24-ին պապս բռնում էր ձեռքս, և մենք վաղ առավոտյան, իսկ հետո ուշ երեկոյան գնում էինք հուշահամալիր»,-պատմեց Փաշինյանը:
Սակայն մի անգամ Էդուարդ Ռուբենովիչը, այնուամենայնիվ, նշել է իր ծննդյան օրը՝ իր 60-ամյակին։ Փաշինյանը պատմեց, որ այդ օրը իրենց տանը մեծ թվով երաժիշտներ, ակադեմիկոսներ էին հավաքվել, եկել էին նաև կոմպոզիտորի աշակերտները։ Բայց շքեղ տոնակատարություն չի եղել, ամեն ինչ հանգիստ ու համեստ է անցել։ Հյուրեր թվում եղել է նաև Փաշինյանի սիրելի աշակերտը՝ կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը, որն այդ օրը առաջին անգամ կատարել է «Հայի աչքեր» երգը:
«Էդուարդ Ռուբենովիչ, հենց այնպես չէ, որ ապրիլի 24-ին եք ծնվել, ձեր հայի աչքերում հայ ազգի վիշտը կա»,-հիշում է Փաշինյանը Ռոբերտ Ամիրխանյանի խոսքերը։

Երկու խոսք կոմպոզիտորի մասին

Էդուարդ Ռուբենի Փաշինյանը ծնվել և մեծացել է Կիրովականում (այժմ՝ Վանաձոր), մանկուց երազել է դաշնակահար դառնալ, իր կյանքը կապել երաժշտության հետ։ Բայց կյանքն այլ ծրագրեր ուներ․ սկսվեց Հայրենական մեծ պատերազմը։ Պատերազմի սկզբին ապագա կոմպոզիտորն արդեն 18 տարեկան էր, և հայտնվեց նորակոչիկների առաջին շարքերում։ Նա կռվել է հայտնի Թամանյան դիվիզիայի կազմում, իսկ հաղթանակից մեկ տարի առաջ՝ 1944 թվականի մայիսի 9-ին, ծանր վիրավորվել է Սևաստոպոլի մոտ։ Հիվանդանոցում ապագա դաշնակահարին անդամահատում էր սպառնում։ Նա բժիշկներին բառացիորեն աղաչում էր պահպանել ձեռքը, քանի որ հակառակ դեպքում չէր պատկերացնում, թե ինչպես է շարունակելու ապրել։
«Հիշում եմ՝ պապս պատմում էր, որ վիրահատությունից հետո արթնանալով՝ առաջին հերթին աջ ձեռքով ձգվել է դեպի ձախը՝ վախենալով հայտնաբերել դրա բացակայությունը, երբ հանկարծ զգացել է մատների հպումը»,-պատմում է Փաշինյանը:
Բժիշկներն ամեն ինչ արել են ձեռքը փրկելու համար ու փրկեցին՝ չնայած ֆունկցիոնալ որոշ խանգարումներ մնացին։ Դրանից հետո 1944 թվականի մայիսի 9-ը դարձել էր Էդուարդ Փաշինյանի երկրորդ ծննդյան օրը, որը նա նշում էր որպես իսկական տոն։
Պատերազմից հետո ապագա կոմպոզիտորը որոշում է շարունակել կյանքը երաժշտության ոլորտում՝ շատ լավ հասկանալով, որ այլևս երաժիշտ չի դառնա:
Էդուարդ Փաշինյան
«Պապս մի փոքրիկ բան էր հորինել՝ ձեռնոցի տեսքով, որն օգնում էր զարգացնել մնացած ջիլերը, մատները և դաշնամուր պարապել։ Դա նրան թույլ տվեց ընդունվել Երևանի կոնսերվատորիայի տեսական ֆակուլտետ»,-պատմեց Փաշինյանը։
Արդեն երրորդ կուրսից մյուս երաժիշտների հետ միասին հեռացել է կոնսերվատորիայից՝ ի նշան ֆորմալիզմի դեմ պայքարող գործընկերների հետ համերաշխության։ Փաշինյանն ընդունվել է բժշկական ինստիտուտ՝ ակնաբուժության ֆակուլտետ, սակայն զուգահեռ զբաղվել է երաժշտությամբ։ Հենց այդ ժամանակ էլ գրել է հարմոնիայի դասագիրքը, որի համար արվեստագիտության թեկնածուի գիտական աստիճան է ստացել։
Մահացել է կոմպոզիտոր Աշոտ Զոհրաբյանը՝ ժամանակակից դասական երաժշտության հիմնադիրներից մեկը
1951 թվականից Փաշինյանը սկսել է դասավանդել Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, 1961 թվականից դարձել է Երևանի կոնսերվատորիայի ավագ դասախոս, 1971 թվականից՝ դոցենտ, այնուհետև՝ երաժշտության տեսության ամբիոնի պրոֆեսոր։
Բացի հարմոնիայի հայերեն դասագրքից, նա ստեղծել է նաև հայկական երաժշտության մեջ ինքատիպ սուպերլադային տոնային համակարգը։ Փաշինյանին շնորհվել է նաև Երևանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսորի և արվեստի վաստակավոր գործչի կոչում:
Խորհրդային շրջանի հայ երաժշտագետ, մանկավարժ, կոմպոզիտոր Էդուարդ Փաշինյանը մահացել է 2004 թվականի նոյեմբերի 4-ին։