Ն․Ս․Օ․Տ․Տ․ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ այցելեց Ծիծեռնակաբերդ։
Նրանք հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակին և ծաղիկներ խոնարհեցին անմար կրակի մոտ։
Գարեգին Երկրորդը սկզբում տերունական աղոթք հնչեցրեց, հետո տեղի ունեցավ զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություն։
Հիշեցնենք, որ 2015 թվականի ապրիլի 23-ին Հայ առաքելական եկեղեցին Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում, Սբ. Տրդատի բաց խորանում Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման արարողություն կատարեց` շեշտելով, որ մեր սուրբ նահատակների հիշատակն այսուհետ ոչ թե զոհի ու ննջեցյալի հոգեհանգստյան աղոթք է, այլ հաղթանակած ու նահատակության արյամբ սրբագործված անմարմին զինվորների հաղթական օրհներգություն։