ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Պահն օրհասական է, լինել-չլինելու հարց է ոչ միայն Արցախի, այլև հայոց պետականության համար։ Ապրիլքսանչորսյան իր ուղերձում ասել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։
«Այսօր քան երբևէ պետք է խոսքից անցնել գործի։ Համազգային պատասխանատվության, արժանապատվության, պահանջատիրության պահն է՝ կանգնել Արցախի կողքին և կանխել նորանոր համազգային ողբերգություններն ու ձախողումները»,–ասված է Հարությունյանւ ուղերձում։
Նա դիմել է աշխարհասփյուռ հայությանը և օտարերկրյա բարեկամներին, կազմակերպություններին ու սրտացավ անձանց` խնդրելով ու հորդորելով կիրառել բոլոր հնարավոր գործիքակազմերը ի պաշտպանություն Արցախի ժողովրդի։
Հարությունյանը նշել է, որ Մեծ Եղեռնից 108 տարի անց էլ հայը շարունակում է կենաց-մահու պայքար մղել իր հայրենիքում ազատ ու անկախ ապրելու, սեփական իրավունքներն ու ազատությունները, ազգային շահերն ու արժանապատվությունը պաշտպանելու համար:
Նրա խոսքով` Ադրբեջանի բռնապետական իշխանությունները փորձում են ծնկի բերել մեր ժողովրդին, սակայն մենք անդրդվելի ենք ու վճռական Արցախը միշտ հայկական ու անառիկ պահելու ճանապարհին:
Արայիկ Հարությունյանը ուղերձը եզրափակել է՝ հայը չի կարող նորից հայրենիք կորցնել, դառնալ տարագիր ու սփռվել աշխարհով մեկ: