Նիկոլ Փաշինյանը Ծիծեռնակաբերդում է. տեսանյութ

ՀՀ վարչապետը Ծիծեռնակաբերդ է այցելել բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագահ Վահագն Խաչատուրյանի և ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդ։
Պաշտոնյաները հարգանքի տուրք են մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Պետության ղեկավարին ուղեկցում են փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը, Տիգրան Խաչատրյանը, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը և Հակոբ Արշակյանը, մի շարք նախարարներ, պատգամավորներ, դեսպաններ և այլ պաշտոնյաներ:
Նրանք ծաղիկներ խոնարհեցին անմար կրակի մոտ։
Հիշեցնենք` 1915 թվականին տեղի ունեցած ոճրագործությունը, որի հետևանքով Օսմանյան կայսրությունում ավելի քան 1.5 մլն հայ է սպանվել, ХХ դարի առաջին ցեղասպանությունն է համարվում։ Թուրքիան ավանդաբար մերժում է ցեղասպանություն իրագործելու մեղադրանքներն ու անչափ ցավագին ընդունում այդ հարցի վերաբերյալ քննադատությունները։
Հայոց ցեղասպանությունն առաջինը պետական մակարդակով ճանաչել է Ուրուգվայը 1965 թվականին, այնուհետև նրա օրինակին են հետևել ևս 27 երկրներ` Արգենտինան, Ավստրիան, Բելգիան, Բոլիվիան, Բրազիլիան, Կանադան, Չիլին, Կիպրոսը, Չեխիան, Դանիան, Գերմանիան, Հունաստանը, Լատվիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Նիդեռլանդները, Պարագվայը, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան, Ռուսաստանը, Սիրիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Ֆրանսիան, ԱՄՆ-ն։
Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին նաև հռչակագրեր և բանաձևեր են ընդունել մի շարք միջազգային կազմակերպություններ և միջազգային կառույցներ, այդ թվում՝ Եվրոպայի խորհուրդը և Եվրոպական խորհրդարանը, ինչպես նաև տարբեր երկրների վարչատարածքային միավորներ՝ նահանգներ և քաղաքներ։