Ներողությունը կարևոր քայլ է դեպի ապագա. Թուրքիայի Ժողովրդադեմոկրատական կուսակցություն

Ծիծեռնակաբերդ
Թուրքիայի քրդամետ կուսակցությունը հայտնում է, որ չափազանց կարևոր է խաղաղ ապրել հայերի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Թուրքիայի Ժողովրդադեմոկրատական կուսակցությունը հայտարարել է, որ սգում և հարգում է նրանց հիշատակը, որոնք զոհվել են Հայոց ցեղասպանության ժամանակ:
«108 տարի է անցել մեծ աղետից (Մեծ Եղեռն), որը հայերի դեմ իրականացված էթնիկ և կրոնական ցեղասպանություն էր: Պատմական ճշմարտություններին բախվելը, ներողություն խնդրելը կարևոր քայլեր են դեպի ապագա։ Մեր տարածաշրջանի մյուս քրիստոնյա ժողովուրդները նույնպես նման գործելաոճի զոհ են դարձել»,–ասված է հայտարարության մեջ:
Նշվում է, որ Թուրքիայում նպատակ է դրվում ստիպել մարդկանց մոռանալ, որ այդ հողերում ապրում են տարբեր ժողովուրդներ, կան տարբեր կրոններ: Այն փաստը, որ այս հողերում ոչ մի էթնիկ ինքնություն, ոչ մի լեզու, ոչ մի մշակույթ կամ կրոն չի գերազանցում մյուսներին, դեռ ճանաչված չէ: Ասվում է նաև, որ մարդկության դեմ հանցագործություններին հակազդելը կարևոր քայլ է ընդհանուր և իրավահավասար ապագայի և սոցիալական խաղաղության հաստատման ճանապարհին:
Հայտարարության հեղինակները շեշտում են՝ չափազանց կարևոր է խաղաղ ապրել այս տարածաշրջանի հնագույն ժողովուրդներից մեկի ՝ հայերի հետ: Միևնույն ժամանակ, անհրաժեշտ է ի շահ ժողովուրդների զարգացնել դիվանագիտական, առևտրային, տնտեսական և մշակութային հարաբերությունները Հայաստանի հետ: