ԵԽԽՎ-ն 1 րոպե լռությամբ հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

ԵԽԽՎ լիագումար նիստի ժամանակ նման առաջարկով հանդես է եկել ՔՊ–ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։
Sputnik
ԵԽԽՎ–ն մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։
ԵԽԽՎ լիագումար նիստի ժամանակ Վարդանյանն ընդգծել է, որ այսօր ապրիլի 24-ն է` Մեծ եղեռնի զոհերի հիշատակման օրը։
«Ամբողջ աշխարհում մենք հարգում ենք 1915-1923 թթ. տեղի ունեցած Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ Խնդրում եմ մեկ րոպե լռությամբ հարգել միջազգային այս ոճրագործության զոհերի հիշատակը»,– նիստի ժամանակ ասել է ՔՊ–ական պատգամավորը:
Հիշեցնենք` 1915 թվականին տեղի ունեցած ոճրագործությունը, որի հետևանքով Օսմանյան կայսրությունում ավելի քան 1.5 մլն հայ է սպանվել, ХХ դարի առաջին ցեղասպանությունն է համարվում։ Թուրքիան ավանդաբար մերժում է ցեղասպանություն իրագործելու մեղադրանքներն ու անչափ ցավագին ընդունում այդ հարցի վերաբերյալ քննադատությունները։
Հայոց ցեղասպանությունն առաջինը պետական մակարդակով ճանաչել է Ուրուգվայը 1965 թվականին, այնուհետև նրա օրինակին են հետևել ևս 27 երկրներ` Արգենտինան, Ավստրիան, Բելգիան, Բոլիվիան, Բրազիլիան, Կանադան, Չիլին, Կիպրոսը, Չեխիան, Դանիան, Գերմանիան, Հունաստանը, Լատվիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Նիդեռլանդները, Պարագվայը, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան, Ռուսաստանը, Սիրիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Ֆրանսիան, ԱՄՆ-ն։
Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին նաև հռչակագրեր և բանաձևեր են ընդունել մի շարք միջազգային կազմակերպություններ և միջազգային կառույցներ, այդ թվում՝ Եվրոպայի խորհուրդը և Եվրոպական խորհրդարանը, ինչպես նաև տարբեր երկրների վարչատարածքային միավորներ՝ նահանգներ և քաղաքներ։