ԱՄՆ-ին մտահոգել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելը. դեսպան

ՀՀ–ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվին
Քրիստինա Քվինը վստահեցրեց, որ ԱՄՆ-ն ջանքեր է գործադրում խաղաղության գործընթացն առաջ տանելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. ԱՄՆ–ն ցանկանում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններ լինեն, և պատրաստ է աջակցել խաղաղության գործընթացին։ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արեց ՀՀ–ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը` անդրադառնալով Լաչինի միջանցքի նոր երթուղու մուտքի մոտ Ադրբեջանի կողմից հսկիչ-անցագրային կետի ստեղծմանը։
Ադրբեջանական կողմը երեկ փակել է Հակարի գետի կամուրջը։ Փաստացի այս ճանապարհը փակելով` կտրվում է Հայաստանի (Կոռնիձորից) և Արցախի միջև ցամաքային կապը նաև Լիսագոր, Մեծ Շեն, Հին Շեն և Եղծահող գյուղերի հատվածում։ Ավելի ուշ Ադրբեջանը հայտարարություն տարածեց, որ այդ հատվածում հսկիչ անցագրային–կետ է տեղադրել։

«Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրման առնչությամբ երեկ ԱՄՆ–ն իր մտահոգությունը հայտնեց, քանի որ դա խաթարում է խաղաղության գործընթացը»,–ասաց դեսպանը` հավելելով, որ գործընթացին խանգարում է ցանկացած բռնության կիրառում, սադրիչ գործողություն։

Դեսպանը վստահեցրեց, որ ԱՄՆ-ն ջանքեր է գործադրում խաղաղության գործընթացն առաջ տանելու համար։
Հարցին, թե արդյոք վերջին շրջանում Ադրբեջանի կողմից ՀՀ–ի և Արցախի նկատմամբ իրականացրած քայլերը ցեղասպանության դրսևորում չեն, Քվինը պատասխանեց, թե ինքը նման որակավորում տալու իրավասություն չունի։
Լրագրողները նաև հարցրին` ԱՄՆ–ն որևէ պատժամիջոց չի ուզո՞ւմ կիրառել Ադրբեջանի նկատմամբ, որը չի կատարում ՄԱԿ–ի Արդարադատության դատարանի` Լաչինի միջանցք ապաշրջափակելու որոշումը։ Ի պատասխան դեսպանը նշեց` այս պահին ԱՄՆ–ի կողմից Ադրբեջանի նկատմամբ կիրառված պատժամիջոցներ չկան, իսկ թե ինչ կանեն ապագայում, չի կարող մեկնաբանել։