ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. Մարգարա գյուղի անցակետի տարածքը փոխանցվել է Հայաստանի պետեկամուտների կոմիտեի տնօրինությանը, Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնեցին կոմիտեից։
Ավելի վաղ գրել էինք, որ պետեկամուտների կոմիտեն դիմել է Մեծամոր համայնքի ավագանուն, որպեսզի Մարգարա գյուղում գտնվող և համայնքի գույք համարվող անշարժ գույքը նվիրատվության միջոցով հանձնվի ՊԵԿ-ին:
Ինչպես մեզ հայտնեցին Մեծամորի համայնքապետարանից (Մարգարա գյուղը Մեծամոր համայնքին է պատկանում), տարածքը ՊԵԿ-ի տնօրինությանը հանձնելու մասին որոշումը կայացվել է դեռևս փետրվարի 17-ին: Սակայն այդ ամենը դեռ պետք էր փաստաթղթավորել և հաստատել։
ՊԵԿ-ից մեր հարցմանն ի պատասխան նշեցին, որ գործընթացն ավարտվել է մարտի վերջին։
«Տեղեկացնում եմ, որ 2023 թվականի մարտի 30-ին Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզ, Մեծամոր համայնք, Մարգարա գյուղում գտնվող (անցումային կետ) անշարժ գույքի և դրա օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասերը նոտարական վավերացմամբ ամրացվել են ՀՀ պետական եկամուտների կոմիտեին, և պետական եկամուտների կոմիտեն Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեից ստացել է անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականները»։
Հարցին, թե երբ «Մարգարա» անցակետը պատրաստ կլինի շահագործման, կոմիտեից պատասխանել են, որ աշխատանքները սկզբնական փուլում են:
ՊԵԿ-ից հետաքրքրվեցինք նաև, թե արդյոք նախատեսվում է նրանց վարույթին հանձնել Շիրակի մարզ «Ախուրիկ» անցակետը: Ի պատասխան կոմիտեից հայտնեցին, որ այդ անցակետը իրենց տնօրինությանը չի փոխանցվել։
Մարգարա գյուղում գտնվող տարածքը ՊԵԿ-ի տնօրինությանը հանձնելու մասին տեղեկությունը Sputnik Արմենիային հաստատեցին նաև Կադաստրի կոմիտեից։
Նշենք, որ ապրիլի 21-ին ՀՀ կառավարությունը 28,3 մլն դրամ հատկացրել Մարգարայի մաքսակետի նախագծման համար:
Շինարարական աշխատանքների նախագծի ընդհանուր արժեքը, սարքավորումների ձեռքբերումը, նախագծի փորձաքննությունը և այլն կազմում է շուրջ 733 մլն դրամ:
Նախկին «Մարգարա» անցակետի տարածքի ներկայիս տեսքը կարող եք տեսնել Sputnik Արմենիայի բացառիկ ֆոտոշարքում․
Ավելի վաղ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ Թուրքիայի ԱԳՆ-ի հետ ձեռք բերված համաձայնություններով հայ-թուրքական սահմանը մինչև ամառ նախատեսվում է բացել երրորդ երկրների քաղաքացիների, ինչպես նաև դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար: