ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. Զինված ընդհարման հետևանքով խախտվել են Տեղ համայնքի բնակիչների հիմնարար իրավունքները։ Այս հայտարարությունն արել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության, Թրանսվերսալ մարտահրավերների և բազմակողմ ծրագրերի իրականացման վարչության ղեկավար Տիգրան Կարապետյանի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ։
Ինչպես հայտնում է ՄԻՊ գրասենյակը, Մանասյանն անդրադարձել է ապրիլի 14-ին Սյունիքի մարզի Տեղ համայնք իրականացրած այցին, որի նպատակը տեղում իրադրությանը ծանոթանալն ու փաստահավաք աշխատանքների իրականացումն էր։
«Պաշտպանն ընդգծել է, որ զինված ընդհարման հետևանքով խախտվել են համայնքի բնակիչների այնպիսի հիմնարար և անքակտելի իրավունքներ, ինչպիսիք են կյանքի, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության, կրթության, ազատ տեղաշարժվելու, սեփականության իրավունքները»,– ասված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումներն ապրիլի 11-ին` ժամը 16:00-ի սահմաններում, կրակ են բացել Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ, հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների:
Ժամը 17:30-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կիրառել են ականանետային միջոցներ։ Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր։