ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. Ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային յոթերորդ օրը մրցահարթակ դուրս եկավ աշխարհի և Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոն, 102 կգ քաշային Գարիկ Կարապետյանը և փոքր ոսկի նվաճեց։
19-ամյա մարզիկը պոկում վարժության երրորդ մոտեցման ժամանակ, գլխավերևում պահելով 178 կգ կշռող ծանրաձողը, սահմանեց Եվրոպայի երիտասարդների նոր ռեկորդ ու լուրջ հայտ ներկայացրեց մեծահասակների Եվրոպայի չեմպիոն դառնալու համար։
Պոկում վարժությունում միանգամից երեք ծանրորդներ, այդ թվում` հայ մարզիկը, առաջին մոտեցման համար պատվիրել էին 170 կգ քաշը։ Բայց ի վերջո փոխեցին իրենց պատվիրած քաշերը, և Գարիկ Կարապետյանը սկսեց 172 կգ քաշից։
Գարիկ Կարապետյան
© Sputnik / Asatur Yesayants
Հայ ծանրորդը շատ վստահ կատարեց մոտեցումն ու միանգամից ստանձնեց առաջատարի դերը։ Պոկում վարժությունում ոսկե մեդալի համար պայքարը ծավալվեց մեր ծանրորդի և վրացի Իրակլի Չխեիձեի միջև։ Վրացին 173 կգ–ն երկրորդ մոտեցման ժամանակ բարձրացնելով` պատվիրեց 178։ Նույն քաշին մոտեցավ նաև Կարապետյանը։ Բայց երկրորդ մոտեցումը մեր մարզիկի մոտ չստացվեց։
Գարիկ Կարապետյան
© Sputnik / Asatur Yesayants
Երկու ծանրորդներին էլ մնացել էր մեկական մոտեցում միևնույն քաշը կշռող ծանրաձողը բարձրացնելու համար՝ 178 կգ։ Չխեիձին ձախողեց մոտեցումը, սակայն մինչ Կարապետյանի մոտեցումը նա պոկում վարժության առաջատարն էր` 173 կգ արդյունքով։ Ծանրաձողի հետ իսկական կռիվ տալով, պայքարելով` Կարապետյանը կարողացավ բարձրացնել քաշը և, սահմանելով Եվրոպայի երիտասարդների նոր ռեկորդ պոկում վարժությունում, նվաճեց Եվրոպայի մեծահասակների չեմպիոնի կոչումը պոկում վարժությունում։