ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. Զագրեբում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության մրցումային երկրորդ օրը օլիմպիական չեմպիոն, Եվրոպայի հնգակի ու աշխարհի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը և 60 կգ քաշային կարգում Եվրոպայի 2020 թվականի չեմպիոն Գևորգ Ղարիբյանը դուրս եկան կիսաեզրափակիչ։
Գևորգ Ղարիբյանը 1/8 եզրափակիչում ժամանակից շուտ 9։1 հաշվով հաղթանակի հասավ դանիացի Նիկոլայ Մոհամադիի նկատմամբ, իսկ քառորդ եզրափակիչում հաղթանակը շնորհվեց հայ ըմբիշին, քանի որ լիտվացի Յուստաս Պետրավիչիուսը գորգ դուրս չեկավ վնասվածքի պատճառով։ Կիսաեզրափակիչում Ղարիբյանը մրցելու է օլիմպիական կրկնակի չեմպիոն Արմեն Նազարյանի որդու՝ Էդմոն Նազարյանի հետ, որը ներկայացնում է Բուլղարիան։
Գևորգ Ղարիբյան
© Photo : press office of the Wrestling Federation of Armenia
Արթուր Ալեքսանյանի մրցակիցը առաջին գոտեմարտում վրացի Ռոբերտ Կոբլիաշվիլին էր։ Արթուրը առանց մեծ ճիգեր գործադրելու հաղթանակի հասավ 3։1 հաշվով։ Քառորդ եզրափակիչում մեր ըմբիշը գոտեմարտեց հունգարացի Տամաշ Լևայիի հետ։ Ալեքսանյանը հաղթանակի հասավ 7։4 հաշվով։
Արթուր Ալեքսանյան
© Sputnik / Asatur Yesayants
Մեր մյուս ըմբիշներից Սամվել Գրիգորյանն ու Շանթ Խաչատրյանը պարտվեցին քառորդ եզրափակիչում, Սլավիկ Գալստյանը զիջեց մեկնարկային գոտեմարտում։
Այսօր երեկոյան Մալխաս Ամոյանը 77 կգ քաշային կարգում ոսկե մեդալի համար գոտեմարտելու է սերբ Վիկտոր Նեմեշի հետ, 55 կգ քաշային Ռուդիկ Մկրտչյանը բրոնզե մեդալի համար կգոտեմարտի վրացի Նուգզարի Ցուրցումիայի հետ, իսկ 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը բրոնզե մեդալի համար կմրցի իտալացի Յակոպո Սանդրոնի հետ։