Բելգորոդում 3 հազար մարդու են տարհանում ավիացիոն ռումբի պատճառով. մարզպետ

Ավիացիոն ռումբ
Մարդկանց կտեղափոխեն ժամանակավոր տեղավորման կետեր, որտեղ անհրաժեշտ ամեն ինչ կա՝ ջուր, տաք սնունդ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի — Sputnik. Բելգորոդում Շալանդինի փողոցում գտնվող տան մոտակայքում հայտնաբերվել է պայթյունավտանգ առարկա, որը նույնականացվել է որպես ավիացիոն ռումբ, իշխանությունները բնակիչների անվտանգության համար որոշել են տարհանում իրականացնել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Բելգորոդի մարզպետ Վյաչեսլավ Գլադկովին։
«Լրացուցիչ տեղեկություններ Շալանդինի արտակարգ իրավիճակի վերաբերյալ։ Սակրավորները պայթուցիկ առարկա են հայտնաբերել։ ՌԴ պաշտպանության նախարարության մասնագետներն այն վնասազերծելու են զորավարժարանում։ Օպերատիվ շտաբը որոշել է 200 մետր շառավղով 17 բազմաբնակարան շենքերի տարհանում իրականացնել։ Նախնական տվյալով՝ ավելի քան երեք հազար մարդ», - գրել է մարզպետը տելեգրամյան ալիքում։
Նա հավելել է, որ մարդկանց կտեղափոխեն ժամանակավոր տեղավորման կետեր, որտեղ անհրաժեշտ ամեն ինչ կա՝ ջուր, տաք սնունդ։ Հատկացվել է 90 միավոր տրանսպորտ: Մարզի ղեկավարի խոսքով՝ բոլոր տները, որոնցից դուրս են բերելու բնակիչներին, լինելու են ոստիկանության պահպանության ներքո:
«Բնակելի շենքերի անմիջական հարևանությամբ ավիացիոն ռումբ է հայտնաբերվել։ Մենք հայտարարել ենք տարածաշրջանային մակարդակի արտակարգ իրավիճակ և դաշնային մակարդակի արտակարգ իրավիճակի մասին հայտարարություն ենք պատրաստել», - ասել է Գլադկովը տեսաուղերձում:
Հիշեցնենք` ավելի վաղ մարզպետը հայտնել էր, որ հինգշաբթի երեկոյան Բելգորոդում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով հսկայական փոս է առաջացել։ Բացի այդ, պայթյունի ալիքը մի քանի մեքենաներ է վնասել և տապալել էլեկտրահաղորդման սյուները, երեք մարդ Է տուժել, նրանցից մեկը հրաժարվել է հոսպիտալացումից:
ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ ռուսական Սու-34 ինքնաթիռից զինամթերք է ընկել, զոհեր չկան, հետաքննություն է ընթանում: