«Բա մեր թուրքականն ո՞ւր է»․ հարևանների աղավաղված գործվածքին հայկական մատչելի այլընտրանք կա

Թուրքական գործվածքների հետ գնի հարցում մրցակցելը հեշտ չէ․ դրանք ահռելի քանակությամբ են գործվում, սպառվում ոչ միայն մեր երկրում, այլև Վրաստանում, Ադրբեջանում, Թուրքիայում և այլ երկրներում։ Մինչդեռ հայկական այլընտրանքը փոքր քանակով է արվում տեղական շուկայի համար։
Sputnik
Հայկական գրագետ ու ճիշտ նախշերով գործվածքներ արդեն մի քանի տարի է՝ շուկայում կան, բայց քանի որ թանկ են՝ մեկ մետրը 8000-12․000 դրամ, թուրքական արտադրության «հայկական ձևացող» գործվածքների համար այլընտրանք հաճախ չեն դառնում. որոշիչը դառնում է գինը, այլ ոչ թե որակն ու ճշմարտությունը։ Ուստի հայկական աղավաղված զարդանախշերով թուրքական արտադրության կտորների կիրառությունը գոնե մասնակի նվազեցնելու համար հայկական մատչելի այլընտրանք է ստեղծվել՝ հայկական նախշային պատկերների տպագրությամբ կտորներ։ Մտահղացումը «Ուստա փիսո» գործվածքների խանութինն է։
Национальные узоры на текстиле в магазине тканей "Уста Писо"
Ամիսներ առաջ որոշեցին` թուրքական հայտնի գործվածքների համար հայկական այլընտրանք կստեղծեն։ Ռուսաստանում իրենց հայ գործընկերների հետ ստեղծեցին հայկական զարդանախշերով կտորներ։ Եթե թուրքական հայտնի կտորների դեպքում գործվածքը հենց նախշազարդ է, այս դեպքում տպագրություն է՝ կաբարդին տեսակի կտորի վրա։
Խանութի տնօրեն Հասմիկ Գրիգորյանը ցույց է տալիս կտորները և ասում՝ պահանջարկը դեռ մեծ չէ, դեռ նոր է, շատերը չգիտեն սրանց տեղը, ժամանակ է պետք, որ մարդիկ սովորեն։
Հասմիկ Գրիգորյանը խանութում
«Հիմնականում տանում են որպես սփռոց, նաև հագուստի համար որպես ատրիբուտ։ Կան մարդիկ, ովքեր կտրականապես դեմ են թուրքական արտադրանք գնելուն, անգամ պատրաստ են կրկնակի վճարել, բայց չգնեն թուրքականը։ Լինում են նաև այնպիսինները, որոնք գալիս ու հիասթափված են մնում՝ «բա մեր թուրքականը չունե՞ք»։ Տարակուսում ենք, թե այդ երբ թուրքականը մերը դարձավ։ Ավելացնում են, թե դրան ենք սովոր»,- պատմում է Հասմիկը։
Թուրքական հայտնի գործվածքի հետ գնային մրցակցության մեջ դեռ սրանք էլ են տանուլ են տալիս, թուրքականների 1 մետրը վաճառվում է 1200-2000 դրամով, այս գործվածքների 1 մետրի արժեքը 4000 դրամ է։
Ազգային զարդանախշերով կտոր
Գոհար Ասատրյանն այն անկախ դերձակներից է, որը կտրականապես հրաժարվում է աշխատել թուրքական արտադրության գործվածքով, անգամ՝ թելերով։ Երբ տարբեր միջոցառումների համար հայկական նախշերով հագուստ կարելու պատվեր է ստանում, առաջարկում է բացառապես կա՛մ հայկական նախշազարդ գործվածք օգտագործել, կա՛մ ասեղնագործել։ Բնականաբար, այս դեպքում հագուստի ինքնարժեքը թանկ է ստացվում, հատկապես դպրոցների, մանկապարտեզների հանդեսների համար ծնողները պատրաստ չեն մեծ գումար վճարել։ Երեխան հագուստը 1-2 ժամ է հագնելու, և վերջ։
Գոհար Ասատրյան
«Ինձ հաճախ էին տարբեր դերձակներ դիմում՝ ի՞նչ անենք, չենք ուզում թուրքականն օգտագործել, բայց նաև մատչելի տարբերակ չկա։ Մտածեցինք, որ կարելի է ստեղծել խտացված նախշերով գործվածք, որ 1 մետրանոց գործվածքը հնարավոր լինի կտոր-կտոր օգտագործել։ Նախշերի դասավորվածությունն ու չափսերն էլ պատահական չեն, արված են այնպես, որ մի մասը գոտի դառնա, մյուս մասը՝ գոգնոց, տաբատի կամ ժիլետի համար որպես նախշ օգտագործվի և այլն։ Այսինքն՝ 1 մետր կտորով կարող ես ստանալ, օրինակ, 4 տղայի և 5 աղջկա հագուստ»,- բացատրում է Գոհարը։
Գոհար Ասատրյանը ցույց է տալիս, թե ինչպես կարելի է ճիշտ կիրառել ստեղծված նոր գործվածքը
Ուրախությամբ ասում է՝ կտորի այս տեսակը մոտ 2 շաբաթվա ընթացքում սպառվեց, նշանակում է՝ իրենց մտահղացումն աշխատեց, պահանջարկը կար։ Ծիծաղում է՝ թեպետ մտահղացման հեղինակներից մեկն ինքն էր, բայց չհասցրեց այս խմբաքանակից նորմալ օգտագործել, արդեն սպառվել է։
Հատուկ չափերով և խիտ նախշերով կտորը, որի ամեն սմ–ը հնարավոր է օգտագործել
Ուրախ են արդյունքով, բայց, իհարկե, թերություններն էլ են նկատում, գույնը տեղ-տեղ այնպիսին չստացվեց, ինչպիսին պետք էր, այլ երանգ դարձավ․ դա արդեն տպագրական խնդիր է։ Ինչ վերաբերում է նախշերին, գրքերից են օգտվել, գորգանախշեր են։ Ասում է՝ հիմնականում կտորները դրական ընդունվեցին մարդկանց կողմից։ Մեկնաբանություններն ու քննադատությունները նորմալ են ընդունում։ Շեշտում են՝ իրենց համար էլ էր սա նոր, առաջին փորձն է, սիրով լսում են, պատրաստ են աշխատել, համագործակցել, որ հաջորդ խմբաքանակն ավելի ստացված լինի։
Թուրքական կտորներում անգամ Ցեղասպանության շարունակության գաղափարն է որպես ուղերձ տրվում